ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը պաշտպանում է ՆԱՏՕ-ին հավանական անդամակացության Ֆինլանդիայի իրավունքը: Yle.fi-ին տված հարցազրույցում նա հայտարարել է, որ Ռուսաստանը կոշտացրել է իր դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ:
Դաշինքի ղեկավարը ընդգծել է, որ Մոսկվան չպետք է խառնվի ֆիննական ղեկավարության որոշումներին: «Դա Ֆինլանդիայի որոշումն է: Ռուսաստանը պետք է հարգի այն»,- ասել է Ռասմուսենը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը քննադատել է ՌԴ գլխավոր շտաբի հրամանատար, գեներալ Նիկոլայ Մակարովի այն հայտարարությունը, թե Ֆինլանդիայի հավանական անդամակցությունը ՆԱՏՕ-ին սպառնալիք է ՌԴ անվտանգության համար:
Ռասմուսենի խոսքերով` նկատելի է, որ Ռուսաստանը կոշտացրել է այս հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը: Դրա ետևում իր ուժը ցուցադրելու ՌԴ ձգտումն է: Դրա հետ մեկտեղ նա ընդգծել է, որ Ֆինլանդիայի համար ոչ մի խոչընդոտ չի տեսնում ռազմական դաշինքում:









































