Իսրայելցի զբոսաշրջիկներով լի ավտոբուսը պայթեցրած մահապարտ ահաբեկիչը Բուլղարիա է ժամանել դեպքից 4-7 օր առաջ: Այս մասին հաղորդում է երկրի ներքին գործերի նախարար Ցվետան Ցվետանովը:
Ահաբեկչությունից մի քանի օր առաջ ահաբեկիչը հանգստացել է Ռավդա և Պոմորիե քաղաքներում: Նրան ճանաչել է նաև ավտոմեքենաների վարձույթի գործակալության աշխատակիցը: Կասկածյալը ցանկացել է մեկ օրով մեքենա վարձել, և նրա անգլերեն խոսքը եղել է ոչ սովորական: Բայց նա այդպես էլ մեքենա չի ստացել, որովհետև գործակալության տնօրենը կասկածել է, թե նրա վարորդական իրավունքը կեղծ է: Արդյունքում մինչև Բուրգասայի օդանավակայան նա հասել է տաքսիով:
Ավելի վաղ Շվեդիայի իշխանությունները հերքել են տեղեկություններն այն մասին, թե ահաբեկչությունն իրականացրել է Մեհդի Գեզալին:










































