«Ամերիաբանկ»-ի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը և ֆինանսական տնօրեն Գևորգ Թառումյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ գոհունակություն հայտնեցին բանկի արձանագրած առաջընթացից: Ըստ Թառումյանի՝ համակարգում գրեթե բոլոր ցուցանիշներով բանկը երկրորդ տեղում է: Հունիսին բանկի ակտիվների ամսական աճը կազմել է 10%, իսկ տարին անցած տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ՝ 25%, կազմելով 222 մլրդ դրամ:
Շահութահարկումից հետո շահույթի աճը կազմել է 50.5%: Վարկային ներդրումները նախորդ ժամանակաշրջանի համեմատ աճել են 32%-ով, կիսամյակային կտրվածքով՝ 13%-ով, հաճախորդների ներգրաված միջոցներն աճել են 27%-ով, իսկ 6 ամսվա կտրվածքով՝ 15%-ով: Իրավաբանական ժամկետային ավանդներն աճել են 42%-ով, ֆիզիկական անձանցը՝ 27%-ով, վարկավորումը՝ 171%-ով, կորպորատիվ հաճախորդներինը՝ 73.4%-ով: «Սա խոսում է այն մասին, որ բանկը իր կայուն տեղն ունի հաճախորդների մոտ»,- ասաց Թառումյանը:
Տ. Ջրբաշյանը կարևորեց այս տարի ՓՄՁ վարկավորման ծրագրի իրականացումը: Ըստ նրա` մասնաճյուղային ցանցի միջոցով 1.8 անգամ ավելացել է ՓՄՁ ֆինանսավորումը, իսկ 80%-ով աճել են միջին ձեռնարկությունների ցուցանիշները: Բանկը պահպանել է դիրքերը որպես ամենախոշոր կորպորատիվ հաճախորդների բանկ: Բավականին մեծ հաջողություններ են գրանցվել առևտրի ֆինանսավորման ոլորտում, և այդ առումով ամենամեծ կազմակերպությունն է՝ վեց ամսվա ընթացքում մոտ 60 մլն դոլարի չափ ֆինանսավորում է իրականացվել:
Տ. Ջրբաշյանի խոսքով` ֆակտորինգի ծավալները հնգապատիկ աճել են տարին տարվա նկատմամբ. «Նման ինովացիոն լուծումներով կորպորատիվ հաճախորդների համար կարող ենք բավական հետաքրքիր ցուցանիշներ ունենալ»:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի






































