Россия 24 հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղը չի ճանաչում որպես անկախ պետություն: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը.
«Մենք, ինչպես և աշխարհի մյուս երկրները, Լեռնային Ղարաբաղը չենք ճանաչում որպես անկախ պետություն և չենք կարծում, թե խաղաղության գործընթացի արդյունքները կախված են այնտեղ այսպես կոչված՝ ընտրությունների անցկացումից:
Ռուսաստանը հանդես է գալիս Ղարաբաղյան հակամարտության՝ քաղաքական-դիվանագիտական միջոցներով կարգավորման օգտին, այսինքն՝ հակամարտությունը պետք է կարգավորվի ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի և ՄԱԿ-ի ու ԵԱՀԿ-ի այլ հիմնարար փաստաթղթերի հիման վրա՝ ուժի չկիրառում, ուժային սպառնալիքների չգործադրում, իրավահավասարություն, ազգերի ինքնորոշում ու տարածքային ամբողջականություն:
Մենք շարունակելու ենք այդ ուղղությամբ հետևողական աշխատանք տանել կողմերի հետ՝ համանախագահող մյուս երկրների փոխգործակցությամբ ու 2009-2012 թվականներին Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարություններում շարադրված դրույթների հիման վրա»:







































