Ինչպես եղավ, որ Նորք-Մարաշի՝ նախկին ճամբարի և հանգստյան մի քանի տների տարածքները՝ հարակից բնակելիներով ու հողամասերով միանգամից օտարվեցին, հավասարեցվեցին հողին եւ սկսեցին ինչ-որ նախագծի հիմքեր գցվել: Մարդիկ եղան, որ նույնիսկ չկարողացան կտակով իրենց հասանելիք անշարժ գույքին տիրանալ, քանի որ ամեն ինչ պետք է հապշտապ արվեր՝ օրինականացվեր, որպեսզի հնարավոր լիներ օտարել գնորդ-կազմակերպությանը: Տեղի բնակիչներից մեկն ասաց, որ նույնիսկ ուրիշի կողմից ապօրինի, բայց 15 տարի տիրապետած հողերն են մտցվել տարածքի մեկ այլ բնակչի «սեփական» տարածքի, ժառանգական գույքի մեջ, որ օտարվեն: Սակայն դրա պատճառով մարդիկ հայտնվել են դատական քաշքշուկների մեջ:
Տարածքի անշարժ գույքերի մասսայական օտարումները սկզբում զարմանք էին առաջացրել անշարժ գույքով զբաղվողների շրջանում, քանի որ այդ հատվածում տարածքներ, տներ կային, որոնց տերերը տարիներով չէին կարողանում դրանք վաճառել:
Ի դեպ, երբ այցելեցի Նորք-Մարաշ համայնքում գտնվող նշյալ տարածք, մի հսկա հատված ցանկապատներով առանձնացված էր ճանապարհից, իսկ ճամբարի, հանգստյան տների շինություններից միայն ինչ-որ հիմքեր էին մնացել: Գրեթե ամեն ինչ հավասարեցված էր հողին, իսկ այնտեղ ինքնաբռթբռթիչ (տրակտոր) էր աշխատում, որը համահարթեցման աշխատանք էր կատարում: Այդ տարածքում մեզ ասացին, որ նախկին շինություններն արդեն չկան, և որ տարածքն արդեն մասնավոր կազմակերպության է պատկանում, իսկ թե որ կազմակերպությունն է այն սեփականացրել՝ հրաժարվեցին պատասխանել: Իսկ շրջակա տարածքի մնացած կամ անցնող հատուկենտ բնակիչները կամ հրաժարվում էին պատասխանել կամ ասում էին, որ դա «Գրանդ Քենդի» ընկերությունն է սեփականացրել:
Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ «Գրանդ Քենդի»-ն այստեղ հայ-ճապոնական ներդրումային նախագիծ է իրականացնում. բնակելի ավան են կառուցում: Այդ տեղեկությունը ճշտելու համար դիմեցինք «Գրանդ Տոբակո»-ի՝ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Վահրամ Բրուտյանին, ով «Առաջին լրատվական»-ի հարցին ի պատասխան՝ նշեց, որ մեր հիշատակած շինարարության հետ «Գրանդ Քենդին» կապ չունի:
Առաջիկայում կփորձենք պարզել, թե որ կազմակերպությունն է դարձել այս տարածքի սեփականատերը:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի







































