Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ երեկ երեկոյան, ժամը 20.30-ին, Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի որոշմամբ` ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները խուզարկություն են կատարել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդուն` Արտակ Գևորգյանին պատկանող, Երևան քաղաքի Տերյան փողոցում գտնվող բնակարանում, որտեղ խոհանոցի անկյունակ բազմոցի նստելատեղի տակից հայտնաբերվել է 4,5 մմ տրամաչափի «Բայկալ» օդամղիչ ատրճանակ:
Հայտնաբերված ատրճանակի օրինականությունը ստուգվում է:
Ատրճանակն ուղարկվել է փորձաքննության:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Նշենք, որ հուլիսի 18-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած միջադեպի մասնակիցներից մեկը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գևորգյանի (Նովոյի) որդին՝ Արտակ Գևորգյանն է եղել: Հուլիսի 17-ին ժամը 03.35-ին ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1987թ. ծնված Վիրաբ Ա.-ն և հայտնել, որ անհայտ անձը «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենայից իջնելով՝ զենքի սպառնալիքով առևանգել է իր «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 1982թ. ծնված Արտակ Գ.-ն, Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի դպրոցի մոտ իջնելով իր կողմից վարած «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենայից՝ ատրճանակի սպառնալիքով կանգնեցրել է Վիրաբ Ա.-ի կողմից վարվող «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան և իջեցնելով վերջինիս ու նրա ուղևորին ու թողնելով «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենան՝ «ՎԱԶ 2106» ավտոմեքենայով հեռացել է:











































