Արաբական թերակղզում «Ալ-Քաիդա»-ի առաջնորդ Անվար Ալ-Ավլակիի ազգականները, որին ԱՄՆ-ը համարում էր «համար 1 ահաբեկիչ», դատական հայց են ներկայացրել ԱՄՆ իշխանությունների դեմ նրա սպանության համար: Ինչպես հաղորդում է Fox News-ը, դատական հայցում անօրինական է համարվում նաև նույն գործողության ընթացքում Ալ-Ավլակիի 16-ամյա որդու ու ևս մեկ ահաբեկչի սպանությունը: Նրանք բոլորը եղել են ԱՄՆ քաղաքացիներ: Հայցը ներկայացվել է հուլիսի 18-ին:
Հայցում Ալ-Ավլակիի, նրա որդու՝ Աբդուլռահմանի և ահաբեկիչների Inspire ամսագրի հրատարակիչ Սամիր Խանի սպանությունը համարվում է հակասահմանադրական: Որպես պատասխանող կողմ՝ հանդես են գալիս ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետան, ԿՀՎ ղեկավար Դևիդ Պետրեուսը, ինչպես նաև ծովակալ Ուիլյամ Մաքրեյվենը, գեներալ լեյտենանտ Ջոզեֆ Վոուտելը, որոնք ղեկավարել են հատուկ գործողությունը:
Հայցը նախապատրաստվել է Քաղաքացիական ազատությունների պաշտպանության ամերիկյան միության և Սահմանադրական իրավունքների պաշտպանության կենտրոնի կողմից: Փաստաթղթում ասվում է, որ ԱՄՆ-ի կողմից ահաբեկիչներին հասցվող հարվածների հետևանքով զոհվում են հազարավոր մարդին, այդ թվում՝ նրանք, ովքեր հարվածի պահին պատահաբար են հայտնվում դեպքի վայրում: Հայցում նշվում է, որ այդպիսի գործողություններ իրականացվում են ոչ միայն Աֆղանստանի և Իրաքի ռազմական գործողությունների գոտիներում, այլև այն երկրներում, որոնք այդպիսի գոտիներ չեն հանդիսանում՝ Եմենում, Սոմալիում, Սուդանում, Պակիստանում և Ֆիլիպիններում:
Հայցում նշվում է, որ նման հարվածները հենվում են ոչ հստակ իրավական չափանիշների վրա, և ապացույցներ, որոնց հիման վրա ընդունվում է այս կամ այն գործողություն իրականացնելու որոշումը, երբեք չեն ներկայացվում դատարան: «Այդ սպանությունները խախտում են ամերիկյան քաղաքացիների համար երաշխավորված հիմնարար իրավունքները, այդ թվում՝ առանց պատշաճ օրինական գործընթացի կյանքից չզրկելու իրավունքը»,- ասվում է հայցում:








































