Եվրահանձնաժողովը մեղադրել է Ռումինիային ժողովրդավարական նորմերը խախտելու և իրավական պետության ստեղծման սկզբունքներից հեռանալու մեջ: Փաստացի, ԵՄ ամենաաղքատ երկրներից մեկին, որը Միության մեջ է մտել 2007 թվականից, ներկայացվել է 11 կետից բաղկացած վերջնագիր: Եթե Բուխարեստը չիրականացնի այդ պահանջները, դժվար թե Բրյուսելը ցուցաբերի տնտեսական օգնություն: Անորոշ ժամկետով կհետաձգվի նաև այդ երկրին շենգենյան վիզա տրամադրելու հարցը:
Եվրահանձնաժողովին դժգոհության առիթ է տվել Սոցիալ-լիբերալ ալյանսի, որի ներկայացուցիչն է վարչապետը, կողմից ողջ իշխանության գրավումը: Շատ կարճ ժամանակահատվածում իշխանության եկած ուժը սահմանափակել է Սահմանադրական դատարանի իրավունքները, որին փոխարինել են պառլամենտի երկու պալատների ղեկավարները, Հանրային հեռուստաընկերության ղեկավարությունը, Մարդու իրավունքների պաշտպանը: Եվ, որ ամենակարևորն է, փոփոխել են կարգը, ըստ որի` պառլամենտը կարող է իմպիչմենտ հայտնել վարչապետ Պոնտայի քաղաքական հակառակորդ, նախագահ Բեսեսկուին: Նախագահը մեղադրվում է դատական համակարգում միջամտություններ անելու և Սահմանադրությունը խախտելու մեջ:
Մայիս ամսին Ռումինիայում իշխանության եկած ուժերի գործողությունները մտահոգել են Եվրահանձնաժողովի անդամներին, որոնք հանդես են եկել նրա ներքին հարցերին միջամտելու կոչով: Բրյուսելը դիմել է նաև Ռումինիայի Սահմանադրական դատարան, ինչի արդյունքում է Եվրահանձնաժողովը վերջնագիր է ներկայացրել:
Հազիվ թե Բուխարեստը չկատարի Եվրահանձնաժողովի պահանջները, քանի որ ֆինանսական կախվածության մեջ է գտնվում Բրյուսելից: Ճնշում գործադրելու մի լծակ է նաև շենգենյան վիզայի տրամադրման հարցը:







































