Որքան Սիրիայում թեժանում է պայքարը ընդդիմադիր ուժերի և Բաշար Ալ-Ասադի կառավարության միջև, այնքան ավելի է մեծանում տագնապը Սիրիայի հայ համայնքի ճակատագրի վերաբերյալ: Որոշ սիրիահայեր գալիս են Հայաստան, սակայն ակնհայտ է, որ եկողների թիվը շատ ավելի քիչ է, քան մնացողներինը: Իսկ խոսքը տասնյակ հազարների մասին է: Նրանք Սիրիայի քաղաքացի են, բայց մեր հայրենակից: Սա շատ բարդ իրավիճակ է ստեղծում պաշտոնական արձագանքի համար, սակայն խնդիրն այն է, որ Հայաստանի ոչ պաշտոնական արձագանքը առայժմ ունեցել է միայն խայտառակ դրսևորում՝ ի դեմս այն բանի, որ «Արմավիա» ավիաընկերությունը թանկացրել է Սիրիայից Հայաստան ավիատոմսերի գինը:
Առայժմ, ցավոք, Սիրիայի խնդրի հանդեպ որևէ ոչ պաշտոնական արձագանքի նշույլ իսկ մենք չենք տեսել: Մինչդեռ կան բազմաթիվ խողովակներ, որոնցով կարելի էր իրականացնել լուրջ գործողություններ, որոնք կօգնեին Սիրիայի հայերին կա՛մ ժամանակավորապես, կա՛մ ընդմիշտ հեռանալ Սիրիայից, քանի որ այդ երկիրը, ըստ ամենայնի, դեռ երկար ժամանակ լինելու է արյունալի զարգացումների թատերաբեմ: Սակայն փաստ է, որ Սիրիայից չկա հայերի ինտենսիվ հոսք Հայաստան: Համենայն դեպս, այդ հոսքը այնքան չէ, որ թույլ տա հուսալ, թե համայնքի անվտանգության հարցը զգալիորեն լուծվում է այդ ճանապարհով: Ավելին, այստեղ խնդիրը շատ ավելի խորն է իր էությամբ և վկայում է Հայաստանում, որպես պետությունում, ռազմավարական պլանավորման, մեղմ ասած, թերի վիճակի մասին:
Խնդիրն այն է, որ արաբական գարնան զարգացումները Հայաստանին պետք է առնվազն ստիպեին մտածել հնարավոր զարգացումների մասին, դիտարկել հնարավոր միտումները, այդ թվում՝ նաև սիրիական ուղղության հավանականությունը: Այսինքն՝ Հայաստանը պետք է շատ ավելի շուտ սկսած լիներ աշխատանքը սիրիահայ համայնքի հետ, այսպես ասած՝ մշակած լիներ «պլան Բ» տարբերակը, երբ Հայաստանն ու սիրիահայերի համայնքը, պատրաստ լինելով վատթար զարգացումների, կունենա դրանց դեպքում գործողությունների հստակ պլան, երբ ամեն ինչ կգնար ըստ այդ պլանի, և այլևս կարիք չէր լինի կայացնել ցայտնոտային, խուճապահար որոշումներ:
Սակայն կարծես թե այդ ամենը տեղի չի ունեցել: Զարմանալի էլ չէ, քանի որ Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում, մեղմ ասած, անորակ ռազմական պլանավորում է, և չնայած նախաձեռնողականության մասին հայտարարություններին՝ իրականում Հայաստանն ընդամենը գնում է այս կամ այն իրադարձության հետքերով: Հասկանալի է, որ կան իրողություններ, որոնց վրա Հայաստանը չունի և չի կարող ունենալ ազդեցություն, բայց պատրաստ լինել այդ իրողություններին Հայաստանը պարտավոր է:











































