ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը ողջունել է Լիբիայում անցկացված խորհրդարանական առաջին ազատ ընտրությունների նախնական արդյունքները՝ քվեարկությունը որակելով որպես «ազատ ու ժողովրդավարական», և հայտարարել, որ դաշինքը պատրաստ է օգնել Տրիպոլիին անվտանգության և պաշտպանության կառույցների ձևավորման գործում:
«ՆԱՏՕ-ն հպարտանում է այն դերակատարությամբ, որ մենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատի համապատասխան մեր գործընկերների հետ համատեղ ունեցել ենք լիբիացի ժողովրդի պաշտպանության գործում: Մենք անհամբերությամբ սպասում ենք Լիբիայի նոր ղեկավարության, այդ թվում՝ Ազգային կոնգրեսի ընտրված անդամների հետ համատեղ աշխատանքին: ՆԱՏՕ-ն պատրաստ է անհրաժեշտության դեպքում օգնություն ցուցաբերել անվտանգության և պաշտպանության ժամանակակից ինստիտուտների կառուցման գործում, որոնք անհրաժեշտ են նոր Լիբիայի համար»,- ասվում է Ռասմուսենի հայտարարության մեջ:
Նախնական տվյալներով՝ Լիբիայի խորհրդարանական ընտրություններում հաղթանակ է տարել Ազգային ուժերի միությունը, որը միավորում է լիբերալ կուսակցություններ, շարժումներ և անկախ քաղաքական գործիչներ:
Լիբերալները խորհրդարանում կստանան 80 մանդատից 39-ը, իսկ «Մուսուլման եղբայրների» լիբիական մասնաճյուղի քաղաքական թևը՝ 17 մանդատ: Մյուս 20 տեղերը կզբաղեցնեն ոչ մեծ կուսակցությունների ներկայացուցիչները:











































