Օլիգարխի հետ վիճել պետք չէ, ուզում էիք Վահե Ավետյանի օ՞րն ընկնեի: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս կերպ պարզաբանեց իր մանդատից հրաժարվելը Հայաստանի քաղաքագետների միության ղեկավար Հմայակ Հովհաննիսյանը: Նա ասաց, որ շատ ճիշտ է վարվել: «Քաղաքագետների միության վարչության անդամները հիացած չէին, որ ես ԲՀԿ ցուցակով եմ հանդես գալիս: Ինձ հետ բանակցել էր Գագիկ Ծառուկյանը, և ես ընդգրկվել էի որպես անկուսակցական: Պայմանավորվածություն էր եղել, որ իմ դեմքով և որակով եմ մասնակցելու քարոզարշավին:
Բացի դրանից՝ ասվել էր, որ խորհրդարանում ես հնարավորություն եմ ունենալու ղեկավարել հանձնաժողով: Եղել է քաղաքական պայմանավորվածություն, ես այդ համաձայնությունը տվել եմ, բայց Քաղաքագետների միության վարչության անդամները անհամաձայնություն հայտնեցին, որ ԲՀԿ ցուցակով եմ հանդես գալիս»,- ասաց Հմայակ Հովհաննիսյանը` ընդգծելով, որ ինքը հաշվի է առել նաև նրանց կարծիքը:
Քաղաքագետը նաև իր գոհունակությունը հայտնեց Գագիկ Ծառուկյանից, ով լավություն արեց իրեն: Քաղաքագետների միության ղեկավարն այն կարծիքին է, որ Հայաստանում օլիգարխների հետ վիճել պետք չէ: « Ուզում էիք Վահե Ավետյանի օրն ընկնեի»,- նկատեց նա:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի











































