Հայաստանի խորհրդարանի ընտրության նախընտրական քարոզարշավի ընթացքում քաղաքական ուժերի օրակարգից գրեթե բացակայում էր արտաքին քաղաքականությունը: Բոլորը կենտրոնացել էին ներքին խնդիրների վրա, իսկ ուժերի զգալի մեծամասնությունն էլ պարզապես կենտրոնացել էր ինտրիգների վրա: Արտաքին քաղաքականությունը, Հայաստանի համար կարևոր գլոբալ հարցերն ու երկկողմ մակարդակի փոխհարաբերությունները այդպես էլ չդարձան քաղաքական օրակարգի կետ, առավել ևս՝ առաջնային կետ:
Հայաստանի քաղաքացին այդպես էլ չստացավ կարևոր աշխարհաքաղաքական զարգացումների վերաբերյալ քաղաքական ուժերի դիրքորոշումների հայեցակարգային մեկնություն: Իհարկե, քաղաքացու համար, մեծ հաշվով, դա գուցե ակտուալ էլ չէ, առավել ևս, երբ մարդը իր հացի խնդիրն է հազիվ լուծում և զգում է սոցիալական առաջարկների և լուծումների կարիք, սակայն խնդիրը այստեղ մի փոքր այլ ասպեկտներ էլ ունի: Բանն այն է, որ ինչքան էլ նախընտրական շրջանում քաղաքացիներին հուզում են սոցիալական խնդիրները, հատկապես աղքատ պետություններում, ինչքան էլ պետության առաջ կանգնած է արտագաղթի, ժողովրդագրական լուրջ հարցը, միևնույն է, քաղաքական սպեկտրը պետք է ամբողջական լինի, ինչը նշանակում է նաև արտաքին քաղաքական հարցերի ընդգրկում քաղաքական օրակարգի մեջ: Դա ոչ միայն սոցիալականին զուգահեռ պետության անվտանգության հետ առնչություն ունեցող լուրջ հանգամանք է, այլ նաև քաղաքական պատասխանատվության խնդիր:
Եթե քաղաքական ուժը հանրայնորեն չի բարձրաձայնում իր մոտեցումները այս կամ այն արտաքին խնդրի հանդեպ, ապա հետո այդ ուժը, ըստ էության, ստանում է մանիպուլյացիաների և հանրային հարցադրումներից խուսանավելու հնարավորություն: Դրա համար շատ կարևոր էր, որ սոցիալական, ժողովրդագրական, իրավական խնդիրներին զուգահեռ՝ խորհրդարանական ուժերը կոնցեպտուալ մոտեցումներ ներկայացնեին Ղարաբաղի, հայ-թուրքական, հայ-վրացական, հայ-իրանական հարաբերությունների, ԱՄՆ, Ռուսաստանի, Եվրոպայի հետ մեր փոխհարաբերությունների, Հայաստանին շատ մոտ գտնվող սիրիական և իրանական խնդիրների, տարածաշրջանային զարգացման սցենարների, հեռանկարների վերաբերյալ:
Որևէ քաղաքական ուժ չփորձեց Հայաստանի հասարակությանը ներկայացնել տարածաշրջանային դերի և առաքելության որևէ տեսլական, որևէ սցենար, Հայաստանի տեղի ու դերի որևէ ուրվագիծ, առաջարկ, գաղափար: Մինչդեռ խորհրդարանը ամենևին հեռու չէ արտաքին քաղաքականությունից: Այն, իհարկե, մշակվում և իրականացվում է նախագահի ղեկավարությամբ, բայց խորհրդարանն էլ այստեղ զգալի դերակատարում ունեցող ինստիտուտ է, որը կարող է դիրքորոշում հայտնել, հայտարարությամբ հանդես գալ, լսումներ կազմակերպել, հարցադրումներ անել գործադիրին: Մի խոսքով, խորհրդարանը պատասխանատու է պետության քաղաքականության ամբողջական փաթեթի՝ արտաքին ու ներքին քաղաքականության, ոչ թե միայն սոցիալական պոպուլիզմի համար: Այս իմաստով, 2012 թվականի մայիսի 6-ի ընտրությունը կարելի է համարել կորսված:
Բարեբախտաբար, կա ևս մեկ հնարավորություն, այն իմաստով, որ այդ հնարավորությունը շատ մոտ է՝ 2013 թվականին ՀՀ նախագահի ընտրություն: Խնդիրն այն է, որ Հայաստանի համար արտաքին քաղաքական դիսկուրսը չափազանց կարևոր է՝ նկատի ունենալով թե՛ ռեգիոնալ, թե՛ առավել լայն մասշտաբի դինամիկ գործընթացները, որ կատարվում են մեր շուրջը: Հայաստանում այդ գործընթացների համատեքստում ներքաղաքական զարգացումներում էլ ավելի է սրվում Արևմուտք-Ռուսաստան դիմակայությունը՝ գրեթե կանխորոշելով քաղաքական գործընթացը:
Եվ այս պայմաններում ընտրությունները պատեհ առիթ են այս ամենի հանդեպ հասարակական-քաղաքական դիմադրունակ միջավայր ձևավորելու համար: Իսկ դրա համար անհրաժեշտ է ընտրական դիսկուրսում արտաքին քաղաքական շերտի էական առկայություն, առնվազն ոչ պակաս, քան ներքին սոցիալ-իրավական շերտերը: Հետևաբար շատ կարևոր է, թե արդյոք նախագահի ընտրությանը մասնակից ուժերը այս անգամ գոնե հանրությանը կդարձնե՞ն այդօրինակ դիսկուրսի ականատես, նաև հաղորդակից, որպեսզի Հայաստանը կարողանա ձևավորել հասարակական-պետական դիմադրունակ մթնոլորտ, որը կօգնի պետական քաղաքականությանը գտնել առկա բարդ իրավիճակի համար համարժեք լուծումներ, որոնք Հայաստանին կարող են պետք գալ շատ շուտով, գուցե շատ ավելի շուտ, քան մենք սպասում ենք կամ պատկերացնում:
Նախագահի ընտրությանը մասնակից ուժերը ուղղակի պարտավոր են, պարզունակ, մակերեսային պոպուլիզմից զատ, հանրությանը մատուցել իսկապես կոմպետենտ քննարկումներ աշխարհում առկա զարգացումների մասին, հատկապես այն մասի, որը պտտվում է մեր պետության շուրջը: Ի վերջո, այդ ամենը սերտորեն առնչվում է նաև ներքին քաղաքականությանը՝ արտաքինն ու ներքինը միմյանց շարունակությունն են, և արտաքին նպատակներն ու միջավայրերը թելադրում են ներքին գործողություններ, ներքին վարքի էական վերանայումներ:
Երբ ձևակերպվում և ախտորոշվում է արտաքին միջավայրը, խոսակցությունը, դիսկուրսը անմիջականորեն հանգում է ներքին միջավայրերը այդ արտաքին մարտահրավերներին համապատասխանեցնելուն, ինչի շնորհիվ նաև ներքին հարցերի քննարկումը կարող է առավել առարկայանալ՝ արտաքին հարցերի վերաբերյալ քննարկումների առարկայության հետ փոխազդեցության շնորհիվ: Այս իմաստով, նախագահի ընտրության մասնակիցները պետք է հայտնվեն նաև հասարակության ակտիվ շերտերի հարցադրումների տարափի տակ, որովհետև Հայաստանի համար արտաքին քաղաքական, կարծես թե՝ պատմական գործընթացներ են հասունանում, որոնք կարող են հանգուցալուծվել թեկուզ հարյուր տարի անց, բայց որոնց մենք պետք է պատրաստ լինեինք դեռ երեկ: Բայց լավ է ուշ, քան երբեք, և նախագահի առաջիկա ընտրությունը պատեհ հնարավորություն է բացը լրացնելու առնվազն փորձի համար:
Իսկ հանգուցային կետերը թերևս կլինեն հետևյալը. ի վերջո, պետության և հասարակության զարգացման, մշակութաբանական հենքի վերափոխումների համար քաղաքակրթական ինչ հարթություն է ընտրում Հայաստանը, ինչպես է պատկերացնում Հայաստանը Հարավային Կովկասի ապագան, այդ համատեքստում ինչպես են դիտարկվում Ղարաբաղի խնդրի, հայ-թուրքական հարաբերության գործընթացներն ու հեռանկարը, Վրաստանի հետ Հայաստանի հարաբերությունը՝ Ջավախքի առանցքային խնդրի համատեքստում, ինչպիսի Իրանի հետ է պատրաստ Հայաստանը կառուցել ռազմավարական հարաբերություններ, ինչ վերանայումների պետք է ենթարկվի հայ-ռուսական հարաբերությունը:
Հարցերի շրջանակը զգալի մասով ավանդական է և այս կամ այն կերպ շոշափվել է Հայաստանում պարբերաբար, բայց քաղաքական հայեցակարգերի մակարդակով այդ հարցերը չեն շոշափվել, առավել ևս, որ ներկայումս առկա են համաշխարհային և տարածաշրջանային նոր իրողություններ, ինչն առավել արդիական է դարձնում պահանջվող քննարկումը:











































