Հսկա սառցաբեկորը, որն իր չափերով երկու անգամ գերազանցում է Մանհեթենին, պոկվել է Փեթերմանի սառցադաշտից: Դա ֆիքսել են ամերիկյան տիեզերական NASA գործակալության արբանյակները: Այս մասին հաղորդում է Itar-Tass-ը` հղում անելով գործակալության ներկայացուցիչներին:
Վերջին մի քանի տարիների ընթացքում գիտնականները հետևել են ճաքին, որն առաջացել էր սառցադաշտի հյուսիսային վերջնամասում: Երկուշաբթի 120 քառ. կմ մակերեսով սառույցի բեկորը լիովին առանձնացել է սառցադաշտից: Մասնագետները չեն բացառում, որ դա կարող է կապված լինել կլիմայի տաքացման հետ:
«Սա անհանգստանալու առիթ է»,- հայտարարել է Դելավերի համալսարանի պրոֆեսոր Անդրեաս Մունչոուն, որը սառցադաշտի ճաքը նկատած առաջին գիտնականներից է: «Մեր ձեռքի տակ են վերջին 150 տարվա տվյալները., և մենք այսօր տեսնում ենք փոփոխություններ, որոնք նախկինում չեն դիտվել»,- ասել է նա:
Երկու տարի առաջ Փեթերմանի սառցադաշտից առանձնացել էր ավելի մեծ սառցաբեկոր: 260 քառակուսի կմ տարածքով այսբերգը ձևավորվել էր Գրենլանդիայի և Կանադայի միջև` Հյուսիսային բևեռից 1000 կմ հեռավորության վրա: Այն ևս հայտնաբերվել էր NASA-ի արբանյակների միջոցով:









































