Հուլիսի 17-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուսին և ԵԽ ու Բունդեստագի նախկին անդամ Հանս-Յուրգեն Զահորկային՝ «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության ղեկավար Մայքլ Քամբեքի ուղեկցությամբ:
Նախարար Նալբանդյանը գոհունակություն է հայտնել Հայաստան-ԵՄ վերընթաց զարգացում ապրող համագործակցության կապակցությամբ` այս համատեքստում ընդգծելով միջխորհրդարանական շփումների նշանակությունը` որպես երկկողմ փոխգործակցության կարևոր ձևաչափ:
Հայաստանի արտգործնախարարը բարձր է գնահատել Էլենի Թեոխարուսի բազմամյա մարդասիրական գործունեությունը և հետևողական վերաբերմունքը հայ ժողովրդի համար կարևոր խնդիրների նկատմամբ:
Էդվարդ Նալբանդյանն ողջունել է եվրոպացի քաղաքական գործիչների մասնակցությունը Արցախի նախագահական ընտրությունների դիտորդական առաքելությանը՝ այն գնահատելով որպես իրականությանն առաջին ձեռքից ծանոթանալու լավագույն հնարավորություն:
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ Հայաստանի արտգործնախարարը հյուրերին ներկայացրել է արցախյան հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումները: