Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարների՝ Երևանում կայացած հանդիպումից Վրաստանի հայկական համայնքը խնդիրների լուծման առումով ակնկալիքներ ունի: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Թբիլիսիի հայերի ասամբլեայի համակարգող Առնոլդ Ստեփանյանը՝ թվարկելով լուծման կարիք ունեցող առաջնահերթ խնդիրները:
Ըստ նրա՝ առաջին հերթին հայկական համայնքը հույս ունի, որ երկու երկրների պաշտոնյաների փոխադարձ այցելությունների արդյունքում լուծում կտրվի Վրաստանի՝ անմխիթար վիճակում գտնվող հայկական եկեղեցիների խնդրին: Եկեղեցիների վերականգնման թույլտվության հարցը պետք է պետականորեն լուծվի: Երկրորդը դպրոցների հարցն է: Հատկապես վերջին տարիներին Վրաստանում հայկական դպրոցների, ուսուցիչների ու դասագրքերի հարցը սրվել է, որոշ բնակավայրերում հայկական դպրոցները փակման վտանգի տակ են: Առնոլդ Ստեփանյանի խոսքով՝ շատ կարևոր է նաև Ջավախքում լուծել բարձրագույն ուսումնական հաստատության հարցը:
Միաժամանակ նա նշեց, որ այս փուլում երկու երկրների պաշտոնյաների հանդիպումների առանցքում կլինի նաև հոկտեմբերին Վրաստանում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին հայերի մասնակցության հարցը: Քանի որ Հայաստանի իշխանությունները հատկապես Ջավախքում ազդեցություն ունեն հայ համայնքի վրա, ըստ Ստեփանյանի, Վրաստանի իշխանությունները նաև այդ հարցը կքննարկեն հայ գործընկերների հետ:
Առնոլդ Ստեփանյանի խոսքով՝ Վրաստանի հայկական եկեղեցիների վերականգնման հարցը շատ դանդաղ է առաջ գնում: Յուրաքանչյուր հանդիպումից հետո կողմերը որոշակի պայմանավորվածություն ձեռք են բերում, բայց տեսանելի արդյունք չկա: Փոխարենը զարգանում են հայ-վրացական տնտեսական և քաղաքական կապերը, լուծվում սահմանային խնդիրները:
Հայերի ասամբլեայի համակարգողի փոխանցմամբ՝ հայ համայնքը հույսեր է կապում Վրաստանի նոր վարչապետ հետ, որի շփումները հայերի հետ ակտիվ են:












































