Երևանի քաղաքապետ Տարոն Մագարյանն Աբովյան 19 հասցեում ստորգետնյա հասարակական սանհանգույցի վերակառուցման հետ կապված` հանձնարարել է աշխատանքների իրականացման վայրում փակցնել համապատասխան տեղեկատվական ցուցանակ և միջոցներ ձեռնարկել իրազեկելու հանրությանն ընթացող աշխատանքների մասին: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Աբովյան փողոցում մենք մեծ աշխատանքներ ենք տարել և որևէ կապիտալ շինարարություն այդտեղ չի ընթանում: Հաշվի առնելով Աբովյան փողոցում հետիոտների մեծ հոսքը` սեփականատիրոջ հետ համատեղ նախաձեռնվել է հասարակական սանհանգույցի վերակառուցման աշխատանքներ, որոնք կավարտվեն հնարավորին սեղմ ժամկետում»,-նշել է քաղաքապետը աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:








































