Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանի գնահատմամբ՝ այս տարի ինստիտուտում ընդունելության մակարդակը շատ ավելի բարձր է եղել: Դա պայմանավորված էր նրանով, որ ընդունելության սանդղակը բարձրացել է, հասկացել են, որ բուհը ոչ թե ֆինանսների խնդիր ունի, այլ տաղանդավոր ուսանողների:
«Այս տարի մեկ տեղի համար 4-5 հոգի է պայքարել, մենք ստիպված էինք դիմել ԿԳ նախարարությանը` պետպատվերի տեղերն ավելացնելու համար, և նրանք ընդառաջեցին և հատկացրին 24 տեղ: Այսպիսով, այն ուսանողները, ովքեր վճարունակ չէին, բայց ունեին լավ պոտենցիալ, սովորելու հնարավորություն ստացան»,- տեղեկացրեց Ա. Մազմանյանը:
Այս տարի ինստիտուտում կդասավանդի Ռաֆայել Քոթանջյանը, խաղարկային կինո առարկան կդասավանդի Վիգեն Չալդրանյանը: Դասախոսական կազմը համալրած այս մասնագետները առաջին անգամ են դասավանդելու ինստիտուտում, և Արմեն Մազմանյանը հույս հայտնեց, որ արդյունքը գոհացուցիչ կլինի:
Ընդհանուր առմամբ ինստիտուտ է ընդունվել 186 դիմորդ, որից 64-ը՝ անվճար:
Պրն Մազմանյանի խոսքով՝ միայն թատերագիտություն և կինոգիտություն բաժիններում են թափուր տեղեր մնացել. 5-ի փոխարեն ընդունվել է 3 դիմորդ: «Այս բաժինը կապված է արվեստաբանության հետ. այսօր եթերում շատ են խոսում մշակույթի մասին, բայց խոսողները չունեն մասնագիտական կրթություն»,- նշեց ինստիտուտի ռեկտորը:











































