Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի ԱԳՆ-ը երեկ հայտարարություն է տարածել, որում հերթական անգամ քննադատել է Ռուսաստանին.
«Ռուսաստանը շարունակում է Վրաստանի օկուպացված շրջանների ինտենսիվ ռազմականացման գործընթացը՝ նորագույն տեխնիկայով վերազինելով դրանցում գտնվող օկուպացիոն զորքերը, որոնց հատկացվել է անգամ հարձակողական հրթիռային սպառազինություն: Դրանով իսկ Ռուսաստանը ձևավորել է հարվածային զորամիավորումներ:
2012 թվականի հուլիսի 11-ին ու 13-ին Ռուսաստանի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Վլադիմիր Չիրկինը, խախտելով Վրաստանի պետական սահմանը, ժամանել է Վրաստանի՝ Ռուսաստանի կողմից օկուպացված շրջաններ՝ Աբխազիան ու Հարավային Օսիա, նպատակ ունենալով ստուգել դրանցում գտնվող բազաները:
2012 թվականի սեպտեմբերին էլ Ռուսաստանը պլանավորել է Վրաստանի սահմանների մոտ անցկացնել «Կովկաս 2012» զորավարժությունները, որով էլ անմիջական ռազմական սպառնալիք է ստեղծում Կովկասի և ընդհանրապես Սևծովյան տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը»:







































