Տիգրան Առաքելյանի գործը տիպիկ քաղաքական հետապնդման օրինակ է, իսկ «Հարսնաքար»-ի գործը` կոծկման: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց իրավաբան, քաղաքացիական ակտիվիստ Արթուր Գրիգորյանը` համեմատականներ անցկացնելով ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի և «Հարսնաքար»-ի գործերի միջև:
Ըստ իրավաբանի` ՀԱԿ ակտիվիստների` Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գևորգյանի և Արտակ Կարապետյանի նկատմամբ դասական քաղաքական հետապնդում է իրականացվում: «Դատախազը պահանջել է 6 տարի ազատազրկում, բայց այստեղ պատժաչափի ժամկետը նշանակություն չունի, դա քաղաքական հետապնդում է: Կարող էին 15 տարի էլ պահանջել կամ կարող էին կողքից ծանրացուցիչ հանգամանք կցել և ավելի մեծ պատժաչափ պահանջել:
«Հարսնաքարի» գործով շարունակվում է մեր պետությանը, մեր իրավական համակարգին բնորոշ կոծկման քաղաքականությունը: Խոսքը վերաբերում է ոչ միայն այն մարդկանց, ովքեր մասնակցել էին այդ գործողություններին, այլև կազմակերպչին, օժանդակողին, որը, ըստ էության, պետք է լիներ Ռուբեն Հայրապետյանը»,- մեկնաբանեց իրավաբանը` հավելելով, որ դասական կոծկման գործընթաց է մի դեպքում, քաղաքական հետապնդում` մյուս դեպքում: Իրավաբան Արթուր Գևորգյանի խոսքով` Մարտիմեկյան դեպքերը ցույց տվեցին մեր իրավական համակարգի կոծկման և գործսարքման մեխանիզմները՝ իրենց առանցքային տարրերով:











































