Տիգրան Առաքելյանի գործը քաղաքական հետապնդում է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հելսինկյան ասոցիացիայի ղեկավար, իրավապաշտպան Միքայել Դանիելյանը` անդրադառնալով ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի գործին, մասնավորապես դատախազի առաջարկին՝ ազատազրկել ակտիվիստին 6 տարի ժամկետով:
Նա նշեց, որ նման գործերը վկայում են երկրի իրավիճակից, խոսում է, որ մեր երկիրը երկիր չէ, որ իրավական երկիր չէ, որ ոստիկանական երկիր է, որ քրեական երկիր է, որ գործում են ոչ թե օրենքները, այլ թայֆայությունը, կուսակցական պատկանելությունը:
«Տիգրան Առաքելյանի գործը քաղաքական հետապնդում է, այս մասին ասում եմ շատ վստահ, դա միանշանակ է: Իսկ «Հարսնաքարի» գործը մի գործ է, որ կապված է Ռուբեն Հայրապետյանի հետ, որը Հանրապետական կուսակցության անդամ է, որը օլիգարխ է, որը երկար ժամանակ հաղթում էր օրենքները, իսկ երբ այդ խախտումը դարձավ ակնհայտ չափերի, բոլորը սկսեցին անհանգստանալ և ասել, թե նա վատ պատգամավոր է, Ֆուտբոլի ֆեդերացիայի վատ նախագահ»,- նշեց Միքայել Դանիելյանը:
Նա նշեց, որ սրանք մեր իրավական համակարգի միակ օրինակները չեն:
Հիշեցնենք, որ Երևանի Կարապի լճի մոտակայքում անցած տարվա օգոստոսին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ մեղադրող Հակոբ Մարտիրոսյանը շաբաթ օրը կայացած դատական նիստի ժամանակ պահանջեց 6 տարվա ազատազրկման դատապարտել ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանին։ Տիգրան Առաքելյանը մեղադրվում է խուլիգանության, իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալու, ոստիկանի կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր և վտանգավոր բռնություն գործադրելու մեջ՝ կապված նրանց ծառայողական պարտականությունները կատարելու հետ:







































