Այսօր՝ հուլիսի 16-ին, Ոստիկանության Լոռու և Շիրակի մարզային վարչությունների, ինչպես նաև Ոստիկանության Սպիտակի և Գյումրու բաժինների աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական գործողությունների շնորհիվ հայտնաբերվել է 25-ամյա Սեդրակ Սարգսյանը:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը Լոռու մարզից News.armeniatv.com-ին հայտնել է, Ս.Սարգսյանը, ով Գյումրի քաղաքի բնակիչ է, հայտնաբերվել է Գյումրիում:
Ս.Սարգսյանը հուլիսի 15-ին՝ 19.30-ի սահմաններում, Լոռու մարզի Գեղասար գյուղին հարակից Փամբակ գետի ափին գտնվող բացօթյա տաղավարներում հանգստանալու ժամանակ վիճաբանել է մեկ այլ հանգստացողի՝ Գյումրու բնակիչ, 21-ամյա Հայկ Հովհաննիսյանի հետ: Վիճաբանության ժամանակ Ս.Սարգսյանն իր ձեռքին եղած դանակով հարվածել է Հ.Հովհաննիսյանի կրծքավանդակի ձախ մասին:
Վերջինս մարմնական վնասվածքով տեղափոխվել է Գյումրու Գյուլբենկյանի անվան հիվանդանոց:
Հիվանդանոցում ֆոտոլրագրողին հայտնել են, որ Հ.Հովհաննիսյանը ենթարկվել է վիրահատության, և նրա կյանքին վտանգ այլևս չի սպառնում:
Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Սպիտակի քննչական բաժանմունքի քննիչ Գևորգ Մինասյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօր-ի 112 հոդվածի 1-ին մասի (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը) հատկանիշներով:
Քննիչի որոշմամբ Ս.Սարգսյանը ձերբակալվել է:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի












































