Բարգավաճ Հայաստանը բավական տհաճ ու հիմար վիճակի մեջ է դրել Հայ ազգային կոնգրեսին: Խոսքը վերաբերում է «Հարսնաքարի» դեպքի առիթով արտահերթ նիստ հրավիրելու ստորագրահավաքին, որ պաշտոնապես նախաձեռնել էր Հայ ազգային կոնգրեսը, բայց հայտարարել էր, թե դա եղել է արտակոալիցիոն չորս խմբակցությունների հետ խորհրդակցությունների արդյունքում: Կոնգրեսը չէր ասել, որ որևէ խմբակցություն դեմ է նիստի հրավիրմանը: Մինչդեռ ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանն այսօր հայտարարել է, որ իրենք պատասխանատու չեն ստորագրահավաքի տապալման համար, քանի որ իրենք հենց սկզբից էլ խորհրդակցությունների ընթացքում հայտարարել են, որ այս պահին չեն տեսնում նման արտահերթ նիստի անհրաժեշտություն:
Այսպիսով՝ Բարգավաճ Հայաստանը պարզապես ապտակում է Հայ ազգային կոնգրեսի երեսին, որը ստորագրահավաքը ներկայացնում էր որպես բոլոր չորս արտախորհրդարանական ուժերի նախաձեռնություն, իսկ Կոնգրեսի խմբակցության ղեկավարն էլ հայտարարում էր, որ ստորագահավաքը, չնայած հաջողության չհասավ և 44 ստորագրություն չհավաքեց, սակայն ցույց տվեց, որ չորս խմբակցությունները կարող են իրար հետ համագործակցել: Մինչդեռ չորս խմբակցություններից ամենամեծի՝ ԲՀԿ-ի ներկայացուցիչը հայտարարում է, որ իրենք ամենասկզբից էլ դեմ են եղել նման արտահերթ նիստին և անհրաժեշտ չեն համարել այն: Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ ԲՀԿ-ն, չգիտես ինչու, այդ մասին ոչ մի անգամ հրապարակավ չի հայտարարել և չի ասել կուսակցական այդ դիրքորոշման մասին, այլ ընդամենը խոսում է հիմա, երբ արդեն պարզ երևում է՝ իրականում ԲՀԿ-ն համակարգի մեջ է, թե համակարգից դուրս:
Սակայն, առավել անհարմար վիճակում է հայտնվել Կոնգրեսը, որի դիմակը, կամա թե ակամա, հերթական անգամ պատռում է ոչ այլ ոք, քան ԲՀԿ-ն, որին Կոնգրեսը համառորեն հետապնդում է «ամուսնության» իր առաջարկներով, այն դեպքում, երբ ԲՀԿ-ն բացահայտ ցույց է տալիս, որ ընդամենը «ժամանցի» նպատակներ ունի: Խոսելով ստորագրահավաքի ձախողման մասին՝ Կոնգրեսի խմբակցության ղեկավարը հայտարարել էր, որ իշխանությունը սրանով ցույց տվեց, որ ցանկանում է պարտակել «Հարսնաքարի» գործը և լիարժեք չբացահայտել այն. «Մասնավորապես՝ Հանրապետական կուսակցության պատգամավորների մերժումը նշանակում է, որ նրանք շահագրգռված չեն գործի թափանցիկ, օրինական քննության մեջ»:
Նաիրա Զոհրաբյանի հայտարարություններից հետո Լևոն Զուրաբյանին կարելի է մի պարզ հարց տալ. «Իսկ ինչ է նշանակում ԲՀԿ-ի մերժումը, որի մասին հայտարարում է կուսակցությունը, ըստ էության ասելով, որ արտահերթ նիստի անհրաժեշտություն չի տեսնում: Սակայն ԲՀԿ-ի հարցում Կոնգրեսը վաղուց ի վեր համր է և խուլ, առաջնորդվում է «կա՛մ լավը, կա՛մ ոչինչ» սկզբունքով, թեև այս դեպքում, իհարկե, այդ սկզբունքի ոչ թե հասցեատերն է «մահացած» (խոսքն իհարկե քաղաքական իմաստով մահվան մասին է), այլ սկզբունքը տվյալ պահին կիրառող ուժն է «մեռնում»՝ իհարկե կրկին քաղաքական իմաստով:
Լուսանկարը` Civilnetnet.am-ի










































