Եգիպտոսի քրիստոնյա քաղաքական և հասարակական գործիչներն ու եկեղեցու ծառայողները հրաժարվել են հանդիպել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ, քանի որ ԱՄՆ-ը աջակցություն է ցուցաբերում «Մուսուլման եղբայրներին»: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով տեղի ԶԼՄ-ներին:
Քլինթոնի և քրիստոնեական համայնքի ներկայացուցիչների հանդիպումը նախատեսվում էր Կահիրեի հյուրանոցներից մեկում՝ Քլինթոնի երկօրյա այցի շրջանակներում: Այցն ավարտվել է կիրակի երեկոյան: «Հիլարի Քլինթոնի և հեղափոխությունից հետո ԱՄՆ-ի այլ քաղաքական գործիչների այցերը Կահիրե, տեղի ունեցած հանիպումները վկայում են այն մասին, որ ԱՄՆ վարչակազմը աջակցում է քաղաքական իսլամ քարոզող շարժումներին»,- ասվում է քրիստոնյա ակտիվիստների համատեղ հայտարարության մեջ:
Բացի այդ, նրանց կարծիքով՝ ամերիկացի քաղաքական գործիչների առանձնին հանդիպումները «Մուսուլման եղբայրների» ներկայացուցիչների, սալաֆիական կուսակցությունների և իսկ հետո նաև քրիստոնյաների հետ «առանձնացնում են եգիպտացիներին կրոնական սկզբունքով»:
Հիշեցնենք. հանգստյան օրերին Քլինթոնը գտնվում էր Եգիպտոսում: Եգիպտոսի առաջնորդների հետ մեծ թվով բանակցություններից բացի՝ Քլինթոնը բանակցություններ է վարել Եգիպտոսի զինված ուժերի բարձրագույն խորհրդի ղեկավար Հուսեյն Տանտաուիի, Եգիպտոսի հասարակական և քաղաքական գործիչների հետ, ինչպես նաև բացել է ԱՄՆ գլխավոր հյուպատոսության նոր շենքը երկրի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Ալեքսանդրիայում:
Կահիրեում և Ալեքսանդրիայում տեղի են ունեցել զանգվածային բողոքի ցույցեր ԱՄՆ պետքարտուղարի այցի դեմ, որոնց մասնակցել են աշխարհիկ կուսակցությունների և շարժումերի ներկայացուցիչներ: Ցուցարարները մասնավորապես պահանջել են ամերիկացիներից չմիջամտել Եգիպտոսի ներքին գործերին և դադարեցնել աջակցությունը իսլամիստներին: Ցուցարարները նշել են, որ Քլինթնի այցը համընկել է Եգիպտոսի նոր կառավարության ձևավորման հետ:
Արտասհամանյան ԶԼՄ-ները գրում են, որ Ալեքսանդրիայում եգիպտացի ակտիվիստները փորձել են Քլինթոնի ավտոշարասյան վրա ձվեր և ջրի շշեր նետել: Սակայն նրանց փորձերն անհաջողության են մատնվել:







































