Այս տարի Երևանի պետական համալսարան է ընդունվել 3507 դիմորդ, որից 381-ը` պետպատվերի շրջանակներում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն ասաց` եթե համեմատենք 2010 թվականի ընդունելության հետ (2011-ին շրջանավարտներ չկային, եղել է 800 դիմորդ), ապա ԵՊՀ դիմորդների թիվն ավելացել է շուրջ 500-ով:
Այս տարի ընդունվածներից 238-ի 18 տարին լրացած է, և նրանք պետք է զորակոչվեն. «Զորակոչված ուսանողները մեկ կիսամյակի ուսման վարձը վճարելու դեպքոմ կհրամանագրվեն բուհի կողմից և երկու տարի անց` վերադառնալուց հետո, նրանք կսովորեն այն համակարգով, ինչով ընդունվել են»,- նշեց պրն Սիմոնյանը:
Նա նաև նշեց, որ, ինչպես միշտ, մրցակցությունը մեծ է եղել միջազգային հարաբերությունների, տնտեսագիտության, արևելագիտության, ռոմանոգերմանական, ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետներում:
«Ի զարմանս ինձ՝ մենք այս տարի լրացրինք ֆիզմաթ թևի տեղերը, սակայն 27 թափուր տեղ մնացին քիմիայից և էկոլոգիայից, 18 տեղ` կենսաֆիզիկայից: Կարծում եմ՝ այս բացը գալիս է դպրոցներից. աշակերտները չեն տիրապետում այս առարկաներին»,- նշեց ԵՊՀ ռեկտորը:
Ռեկտորը տեղեկացրեց, որ այս տարի բացվել է կովկասագիտության ֆակուլտետ, որտեղ արդեն ընդունված 50 ուսանողները կսովորեն ադրբեջաներեն, վրացերեն և գրաբար:
Ինչպես նկատեց Արամ Սիմոնյանը, համալսարանի լուրջ խնդիրներից է միջազգային համալսարանների հետ համագործակցությունը, որի շնորհիվ ԵՊՀ-ն կինտեգրվի միջազգային կրթական համակարգին և կբարձրանա կրթության որակը:












































