97-ամյա Լասլո Չատարին, ով համարվում է հրեաների կողմից ամենաորոնվող նացիստական հանցագործը, բրիտանական The Sun-ի հետաքննող լրագրողների կողմից հայտնաբերվել է Բուդապեշտում։ Հոլոքոստի ուսումնասիրության Սիմոն Վիզենտալի անվան կենտրոնի տվյալներով` նա մեղավոր է ավելի քան 15700 հրեաների Օսվենցիմ արտաքսելու մեջ։
The Sun-ի լրագրողները նշում են, որ իրենց որոնողական աշխատանքները կատարել են Վիզենտալի անվան կենտրոնի ուսումնասիրությունների հիման վրա։ Այդ տեղեկությունները փոխանցվել էին նաև Հունգարիայի իրավապահներին, որոնք հայտարարել են, որ ստացված տեղեկությունները մշակվում են։
Տեղեկացնենք, որ Լասլո Չատարին 1948թ.-ին Չեխոսլովակիայի դատարանի կողմից մեղավոր էր ճանաչվել նացիստական ռեժիմի հետ համագործակցելու մեջ։ Դատարանի որոշմամբ՝ նրան սպառնում էր մահապատիժ։ Նրան հաջողվել էր փախչել Կանադա, որտեղ նա կեղծ անվան տակ բնակվել էր մինչև 1997-ը, որից հետո կրկին անհետացել էր։











































