ԱՄՆ-ը աջակցում է Եգիպտոսում առաջացած ժողովրդավարական նոր ուժերին, բայց եգիպտոսցիներն իրենք պետք է ընտրեն, թե ինչ ճանապարհով պետք է զարգանա իրենց երկիրը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Կահիրեում Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիի հետ բանակցություններից հետո:
Հիլարի Քլինթոնը շաբաթ օրը Եգիպտոս է ժամանել երկօրյա այցով: Սա ամերիկյան կառավարության ներկայացուցչի` Կահիրե այցի առաջին դեպքն է Եգիպտոսի նախագահական ընտրություններից հետո:
ԱՄՆ պետքարտուղարը հաղորդել է, որ Մուրսիի հետ հանդիպման ժամանակ խորհուրդ է տվել նախագահին պաշտպանել կանանց և ազգային փոքրամասնությունների իրավունքները, ինչպես նաև համաձայնագրերի միջոցով հասնել ներքին անվտանգության և կայունության:
Պետքարտուղարը հայտնել է, որ մտադիր է այս հարցի մասին զրուցել Եգիպտոսի զինված ուժերի Գերագույն խորհրդի ղեկավար մարշալ Հուսեին Տանտավիի հետ:
Քլինթոնը հայտնել է, որ ԱՄՆ-ը մտադիր է տնտեսական աջակցել ժողովրդավարական գործընթացին:











































