Հայաստանի թենիսի ֆեդերացիան «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում է, որ «Օրանժ Թենիս» ակումբում այսօր ավարտվեց «Ամերիա Գավաթ» մրցաշարը: Եզրափակիչ խաղն անցավ լարված ու հետաքրքիր պայքարում: Արդեն երկրորդ տարին անընդմեջ Հայաստանի Թենիսի Ֆեդերացիայի նախաձեռնությամբ կազմակերպվում է «Ամերիա Գավաթ» թենիսի մրցաշարը, որը ֆինանսավորվում է «Ամերիա» ընկերությունների խմբի կողմից` նպատակ ունենալով նպաստել Հայաստանում սպորտի, մասնավորապես թենիսի զարգացմանը, ինչպես նաև հայ հասարակության առողջ ապրելակերպի խթանմանը:
Եզրափակիչ մրցաշարում հանդես եկան Ռւսաստանը ներկայացնող Ստանիսլավ Վովկը և Ուկրաինայի ներկայացուցիչ Ալեքսանդր Նեդովեսովը: Մրցակիցների ուժերը հավասար էին, ինչի արդյունքում հանդիսատեսն ականատես եղավ վերջին շաբաթների ամենահետաքրքիր ու դիտարժան խաղին, որը տևեց երեք ժամ, երեք սեթ: Սարսափելի շոգը չխանգարեց, որ մարզիկները պայքարեն մինչև վերջին պահը` ցուցադրելով բարձր պրոֆեսիոնալիզմ և ուշագրավ խաղ:
Նեդովեսովը հաղթեց 4:6, 6:4, 7:5 հաշվով: Այս մրցաշարը բացի հաղթանակի բերկրանքից ու ֆինանսական միջոցներից, նրան տվեց 27 միջազգային վարկանշային միավոր: Խաղից անմիջապես հետո տեղի ունեցավ մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը և մրցաշարի պաշտոնական փակումը:
Տղամարդկանց շրջանում անցկացված այս մրցաշարը, որը կրել է “Ամերիա գավաթ” (America cup) անունը, անցկացվել է ս.թ. հուլիսի 9-14-ը և ներկայացրել է մրցանակային ֆոնդ 15000 ԱՄՆ դոլարի չափով: Մրցաշարը մեծ արձագանք է ստացել աշխարհի տարբեր երկրներում:






































