Մարդը վաղ թե ուշ կհասնի Մարս, սակայն նույնիսկ այդ դեպքում ճանապարհորդությունը չի հիշեցնի Լուսին կատարվող թռիչքները։ Ավստրիայի միակ տիեզերագնաց Ֆրանց Ֆիբեկի խոսքով՝ Մարսի գլխավոր խնդիրը ոչ թե այնտեղ հասնելն է, այլ ժամանակին վերադառնալը։
Նա նշում է, որ տեխնոլոգիական տեսանկյունից մարդկությունը զգալի առաջընթաց է գրանցել, սակայն միջմոլորակային թռիչքները դեռևս չափազանց երկար են տևում։ Պատճառն այն է, որ Երկիրն ու Մարսը մշտապես շարժվում են Արեգակի շուրջ և միշտ չէ, որ գտնվում են միմյանց համար հարմար դիրքում։ Ֆիբեկի խոսքով՝ Մարս թռչելու լավագույն ժամանակահատվածներում անգամ ճանապարհը տևում է մոտ վեց ամիս։ Սակայն ամենահետաքրքիրը սկսվում է հենց ժամանումից հետո․ տիեզերագնացները չեն կարող անմիջապես վերադառնալ Երկիր։
Սա նշանակում է, որ նույնիսկ ամենահաջող սցենարի դեպքում Մարսի առաքելությունը կարող է տևել ավելի քան երկու տարի։ Այդ ընթացքում անհրաժեշտ կլինի լուծել ոչ միայն վառելիքի և տեխնիկական համակարգերի, այլև տիեզերագնացների առողջության, սննդի, հոգեբանական վիճակի և ճառագայթման ազդեցության խնդիրները։









































