Հայաստանում և Վրաստանում անցկացված միջուկային անվտանգության վարժանքների կազմակերպիչը եղել է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի զանգվածային ոչնչացման զենքի դեմ պայքարի վարչությունը: Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի քարտուղար Արթուր Միսակյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրության համաձայն` Հայաստանը և Վրաստանը ԱՄՆ ու Եվրամիության հետ համատեղ միջուկային անվտանգության վարժանքներ են իրականացրել: Արթուր Միսակյանի տեղեկացմամբ՝ վարժանքները հուլիսի 10-11-ն անցկացվել են Հայաստանում, իսկ 11-13-ը՝ Վրաստանում: Հայաստանից վարժանքներին մասնակցել են ԱԱԾ սահմանապահ զորքերի, ինչպես նաև պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: Հայ մասնակիցները դեռևս Վրաստանից չեն վերադարձել Հայաստան:
Ինչ վերաբերում է վարժանքների նպատակին, ապա, Արթուր Միսակյանի խոսքով, նպատակը զանգվածային ոչնչացման զենքի ապօրինի տարածման դեմ պայքարն է, երկու երկրների համապատասխան գերատեսչությունների կարողությունների բարձրացումը: «Փորձ է արվում բարձրացել հայ-վրացական սահմանի երկայնքով զանգվածային ոչնչացման զենքի տարածումը կանխելու հնարավորությունը»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ այս օրերին, երբ ԱՄՆ անմիջական մասնակցությամբ Հայաստանն ու Վրաստանը համատեղ վարժանքներ են անցկացնում միջուկային անվտանգության հարցերով, Հայաստան է ժամանում Վրաստանի արտաքին գործերի նախարար Գրիգոլ Վաշաձեն:








































