TRT-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ն քննադատել է Սիրիայի ղեկավարությանը՝ պայմանավորված Համա քաղաքի մոտ գտնվող Տրեմսեհ գյուղում ավելի քան 200 քաղաքացիական անձանց սպանությամբ: Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ ասվում է.
«Սիրիական ռեժիմը հերթական հանցանքն է գործել իր ժողովրդի դեմ: Սիրիական ներկայիս ռեժիմի գործունեության դադարեցումը, որը հերթական անգամ ցույց տվեց, որ կորցրել է իր լեգիտիմությունը, հրատապ անհրաժեշտություն է թե՛ Սիրիայի ժողովրդի համար, թե՛ տարածաշրջանային ու միջազգային անվտանգության տեսանկյունից:
Այս կապակցությամբ պետք է կյանքի կոչվեն Ժնևում ու Փարիզում ընդունված որոշումները: Թուրքիան շարունակում է աջակցել այդ ջանքերին ու Սիրիայի ժողովրդին»:











































