Շաքարի ճակնդեղի մշակությունը զարգացնելու համար միայն գումար է հարկավոր: Ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց գյուղատնտես Գագիկ Մանուչարյանը, բացի ինքնարժեքից՝ պետք է նաև գյուղացուն գոնե 20-30% շահույթ մնա:
Նրա խոսքով՝ մի ժամանակ հաշվարկ էր արվել և թվում էր, թե 35 դրամը բավարար է մշակություն սկսելու համար, բայց հետագայում գնաճը և այլ գործոններ անդրադարձան և այժմ այդ գնով շաքարի ճակնդեղի մշակությունը ձեռնտու չէ:
«Պարզապես վատ է այն, որ պարարտանյութերի, բուժանյութերի, սերմի, վառելիքի գները պարբերաբար բարձրանում են, դրա համար էլ գյուղացին չի կարողանում տեղավորվել այդ գների մեջ: Ամբողջ խնդիրը դա է, այլապես գյուղացին կմշակեր: Նաև պետք է հաշվի առնել, որ նստած են մշակում և առողջական տեսակետից բացասաբար է անդրադառնում»,- ասաց Գ.Մանուչարյանը՝ հավելելով, որ վերջ ի վերջո շաքարի ճակնդեղի արտադրությունը ռազմավարական նշանակություն ունի, այնպես, ինչպես ցորենինը:





































