Ռուսական Эхо Москвы ռադիոկայանին տված հարցազրույցում Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն, որն այսօր ժամանում է Հայաստան, անդրադարձել է աբխազական երկաթուղու վերագործարկման ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդրին.
«Ո՞ւմ է պետք այդ երկաթուղին: Այն պետք է Ռուսաստանին: Երկաթուղին անկասկած անհրաժեշտ է Հայաստանին: Երկաթուղին անհրաժեշտ է Վրաստանին: Ահա այստեղ պետք է հարցական նշան դնել: Մի՞թե այն մեզ անհրաժեշտ է: Մենք ունենք ուղիղ չվերթներ: Նախորդ տարի Ռուսաստանից Վրաստան է ժամանել 400,000 զբոսաշրջիկ, իսկ այս տարի մենք ակնկալում ենք, որ այդ ցուցանիշը կկազմի մեկ միլիոն:
Որպեսզի մենք մեր հայ բարեկամների և հնարավոր գործընկեր Ռուսաստանի համար տանք մեր համաձայնությունը, պետք է լուծել մի շարք հարցեր: Ամենագլխավոր հարցն իրավականն է: Գոյություն ունի վրացական երկաթուղու աբխազական հատված, որը գործնականում կամ փաստացիորեն սեփականաշնորհվել է «Ռուսական երկաթուղու» կողմից: Խնդիրն այդ հատվածի սեփականատիրության իրավունքի մեջ է:
Եթե դուք համաձայնում ենք ընդունել, որ դա ձեր նախկին տարածքն է, ապա համաձայնում եք նրան, որ ձեր կողքին գոյություն ունի ինչ-որ անհասկանալի կազմավորում, ով կոչվում է անկախ պետություն՝ պնդելով, որ այն ամենը, ինչ գտնվում է այնտեղ, հանդիսանում է ինքնիշխան պետության սեփականություն:
Եթե դուք չեք համաձայնում դրան, ապա գործնականում անհնար է գտնել իրավական մոդուս վիվենդի (ժամանակավոր կամ նախնական համաձայնագիր, որը հետագայում փոխարինվելու է ավելի տևական բնույթի կամ մանրամասն փաստաթղթով): Անգամ եթե հիմա մենք ամեն ինչ մի կողմ դնենք և սկսենք մտածել, թե ինչպես վերականգնենք այդ երկաթուղին, ապա անկեղծ ասած՝ շատ դժվար է լինելու փոխընդունելի որոշում գտնելը:
Եվ հետո Հայաստանն արտոնյալ պայմաններով օգտվում է Վրաստանի ողջ ենթակառույցներից: Երկաթուղին անկասկած անհրաժեշտ է, սակայն պետք չէ ասել, թե Հայաստանը խեղդվում է առանց այդ երկաթուղու: Իսկ Ռուսաստանի ինչի՞ն է պետք այն: Վրաստանի հետ կապվելո՞ւ համար: Խիստ կասկածում եմ: Իմ կարծիքով՝ առաջնային նպատակը Գյումրու ռազմաբազայի մատակարարումն է:
Իսկ ինչը վերաբերում է մեր անվտանգությանը և հատկապես սպառնալիքներին, ապա այստեղ մենք ցուցաբերում ենք առավելագույն զգուշավորություն: Անկասկած, այդ երկաթուղին ունի ռազմա-քաղաքական նշանակություն:
Ինչ վերաբերում է հայ-թուրքական սահմանի բացմանը, ապա Վրաստանը երջանիկ կլիներ, եթե այն բաց լիներ: Մենք կլինեինք բացարձակապես երջանիկ (այստեղ դժվար է հավատալ արտգործնախարարի անկեղծությանը, քանի որ Վրաստանը հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական սահմանների փակման շնորհիվ է կարողացել վերածվել «տարանցիկ մարգարիտի» (ԲԹՋ նավթամուղ, ԲԹԷ գազամուղ, ԲԹԿ երկաթուղի), ինչպես որ նա ինքն է իրեն համարում.- 1in.am):
Մեր հայ բարեկամներն էլ են ասում, որ մենք հայ-թուրքական սահմանի բացման գործընթացի ամենամեծ երկրպագուներն ենք: Սակայն, դժբախտաբար, դա տեղի չունեցավ: Ծայրահեղ դեպքում՝ դեռևս»:











































