Սոցիալական մեդիայի՝ մարդկանց վրա ունեցած ազդեցության մասին բազմաթիվ քննարկումներ են տեղի ունենում: Տեսակետներն այն մասին, թե սոցիալական մեդիան մարդկանց հեռացնում է իրական կյանքից, մեկուսացնում տանը, զրկում ընկերների հետ հանդիպումներից, հիմք են տալիս ենթադրելու, որ այդ պարագայում հասարակությունն անուշադիր կլիներ արտաքինի նկատմամբ, մինչդեռ ճիշտ հակառակն է:
ԱՄՆ պլաստիկ վիրաբույժները հաստատում են, որ Facebook սոցիալական ցանցի ու Skype տեսակապերի ծառայությունների պատճառով պլաստիկ վիրահատությունների թիվն աճել է: Բանն այն է, որ մարդիկ ձգտում են ֆոտոգենիկ երևալ: Այս մասին տեղեկացնում է Slash Gear-ը:
Նյույորքցի պլաստիկ վիրաբույժ Ադամ Շաֆները Mashable.com-ին տված հարցազրույցում մեջբերել է հաճախորդներից մեկի խոսքերը. «Ես գեղեցիկ եմ, սակայն ինձ դարձրեք այնպիսին, որ գեղեցիկ լինեմ լուսանկարներում: Ես ինձ տեսել եմ հայելու մեջ, սակայն այդ կերպարը իսկապես տարբերվում է այն կերպարից, որը ֆիքսում են օպտիկական սարքերը»:
Եվ իսկապես, հայելու մեջ նայելիս մենք տեսնում ենք մեր հայելային պատկերը, իսկ սոցիալական մեդիայում մենք մեզ տեսնում ենք այնպիսին, ինչպիսին աշխարհն է մեզ տեսնում:











































