Հայաստանյան գրախանութներում համաշխարհային արժեք ներկայացնող գրականություն կամ չկա, կամ էլ կա, սակայն չի վաճառվում: Իսկ գրախանութների աշխատակիցները բարձրացնում են մեկ այլ խնդիր: Արտասահմանյան գրականության լավագույն ձեռքբերումները մինչև հայերեն թարգմանությամբ հասնում են մեզ, արդեն 20 տարվա վաղեմություն են ունենում: Գուցե սա չի կարելի ասել համատարած բոլոր գրքերի վերաբերյալ, սակայն հիմնականում այդպես է: Եվ քանի որ համաշխարհային գրականության նորույթները հազվադեպ են հայերեն թարգմանվում, գրախանութներում ավելի շատ վաճառվում են ռուսերեն թարգմանությամբ գրողների ստեղծագործությունները։
ՀՀ մշակույթի նախարարության հրատարակչական գործի գործակալության տվյալների համաձայն, վերջին տարիների ընթացքում Հայաստանում հրատարակչության համար տարեկան շուրջ 132 մլն դրամ է հատկացվել (մոտ 360 հազար դոլար), որից 40 մլն դրամը (ավելի քան 109 հազար դոլար) տրամադրել են հովանավորները, իսկ մնացած 92 մլն դրամը հատկացվել է պետպատվերով։ Այդ ընթացքում Հայաստանում պետպատվերի շրջանակներում ամենատարբեր թեմայով 120-140 անուն գիրք է տպագրվել՝ հոբելյանական, հանրագիտարան, գեղարվեստական, մանկական գրականություն, ժամանակակից և արտասահմանյան բանաստեղծների և գրողների ստեղծագործություններ: Դրանք տարբեր ժանրերի են` գեղարվեստական, դասական, թարգմանություններ, հանրագիտարանային, մանկական, երաժշտական ու տարբեր, այդ թվում՝ ՀՀ-ում ապրող ազգային փոքրամասնությունների լեզուներով: Սակայն, միևնույն է, նույնիսկ ոչ այնքան ընթերցասեր հայ քաղաքացուն այսօրվա գրախանութներում առկա գրքերի տեսականին չի բավարարում:








































