Բանգլադեշի ոստիկանությունը ձերբակալել է տեղի գործարարներից մեկին՝ երկրի վարչապետի ծաղրանկար ստեղծելու և այն Facebook սոցցանցում տարածելու համար:
Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, ոստիկանությունը գովազդային ընկերության սեփականատեր Շարիֆուլ Իսլամի համակարգչում հայտնաբերել է կիսամերկ կնոջ պատկեր՝ Բանգլադեշի վարչապետ Շեյխ Հասինայի գլխով:
Բացի այդ, Իսլամը կոլաժներ է ստեղծել նաև երկրի ներքին գործերի նախարարի և այլ նախարարների նկարներով: Տեղի ոստիկանության պետ Աբուլ Քալամը նշել է, որ ձերբակալվածին սպասվում է 10 տարվա ազատազրկում զրպարտության համար:
Գործակալությունը նշում է, որ Բանգլադեշի իշխանություններն այս տարի բազմիցս պատժել են Facebook-ում Շեյխ Հասինայի դեմ նյութերի հեղինակներին: Հունիսին մի ուսանող խռովության մեջ մեղադրվեց սոցցանցում գրառման համար, որում վարչապետը մեղադրվում էր ընդդիմության առաջնորդի անհետացման մեջ:









































