Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, Կանադայի բնակիչը 26 կիլոգրամանոց սունկ է հայտնաբերել: 62-ամյա Քրիստիան Տերիեն հսկա սունկը գտել է որդու՝ Սեբաստիանի հետ զբոսանքի ժամանակ:
Նրանք ապշել են՝ տեսնելով սնկի չափերը: Տերիեն խոստովանել է, որ նախկինում ևս ինքը մեծ սնկեր գտել է, բայց նման մեծության սունկ առաջին անգամ է տեսնում:
Հայր ու որդի սունկը տարել են տուն, ցույց տվել հարազատներին ու ընկերներին, լուսանկարվել դրա հետ, որից հետո սունկը ետ են տարել: Տերիեն նշել է, որ ամենայն հավանականությամբ ինքն ու իր որդին հայտնաբերել են աշխարհի ամենամեծ անձրևային սունկը: Դեռևս հայտնի չէ` ընտանիքը պատրաստվո՞ւմ է սնկային ռեկորդի հայց ներկայացնել գինեսյան հանձնաժողով, թե՞ ոչ:
Լրագրողների հետ զրույցում Տերիեն հաղորդել է, որ 2011 թվականին Կանադայում հայտնաբերվել էր 11 կիլոգրամանոց անձրևային սունկ:
Անձրևային սնկերը ուտելի են: Դրանք պետք է օգտագործել, քանի դեռ բաց գույնը չի դարձել մուգ շագանակագույն: Այդ գույնը վկայում է այն մասին, որ սունկը հասունացել է և պատրաստ է տարածել իր սպորները:







































