Հուլիսի 12-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է տարածաշրջանային այցի շրջանակներում Երևան ժամանած ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին Էդվարդ Նալբանդյանը նշել է. «Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունն առանցքային դեր է խաղում Վանկուվերից Վլադիվոստոկ ընկած տարածաշրջանում անվտանգության և խաղաղության ապահովման գործում ու Հայաստանն անդամակցությունից ի վեր ակտիվորեն ներգրավված է կազմակերպության գործունեության բոլոր երեք հարթություններում»:
Հայաստանի արտգործնախարարը նաև Հայաստանի աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ բարեփոխումների գործընթացին և այն նախաձեռնություններին, որոնց նպատակն է կազմակերպության արդյունավետության և հեղինակության բարձրացումը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության և ԵԱՀԿ գործունեության բարձր գնահատականի համար Լամբերտո Զանիերը վստահեցրել է, որ կազմակերպությունը շարունակելու է իր գործունեությունը Եվրոպայում անվտանգության և համագործակցության մթնոլորտի ապահովման գործում:
Զրուցակիցները գոհունակություն են հայտնել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի արդյունավետ գործունեության կապակցությամբ՝ նշելով, որ այն զգալի ներդրում ունի Հայաստանում պետական կառավարման տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների գործընթացում:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը անդրադարձել են Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների անցկացմանն ու արդյունքներին: Այս ենթատեքստում ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ ընտրությունները ընդհանուր առմամբ լավ ընթացք են ունեցել և արժանացել են միջազգային դիտորդների համապատասխան դրական գնահատականի, և հույս հայտնել, որ դիտորդների առաջարկությունները հաշվի կառնվեն ու լրացուցիչ խթան կհանդիսանան հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրությունների առավել բարձր մակարդակով անցկացման համար:
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ բանակցությունների օրակարգում է եղել արցախյան հակամարտության կարգավորման գործընթացը: Այս առումով երկուստեք ընդգծվել է, որ հիմնախնդիրն ունի միայն խաղաղ լուծում՝ գործող բանակցային ձևաչափի շրջանակներում: ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը աջակցություն է հայտնել Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին և կողմերի միջև վստահության ամրապնդման ուղղված նրանց նախաձեռնություններին:











































