Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ստամբուլից ընտրված պատգամավոր, քրդական «Խաղաղություն ու ժողովրդավարություն» կուսակցության (ԽԺԿ) անդամ Սաբահաթ Թունջելը Բաթմանում հայտարարել է, որ եթե նախկինում Թուրքիայում չէին ընդունում քրդերի գոյությունը (նրանց անվանում էին լեռնային թուրքեր), ապա այժմ դա ընդունում են, սակայն դրա հետ մեկտեղ չեն ճանաչում քրդերի իրավունքները.
«Թուրքիայի իշխանությունները պետք է հրաժարվեն այդ քաղաքականությունից: Հակառակ դեպքում բախումներն ու պատերազմը կշարունակվի: Երկրում հնարավոր է խաղաղության գերիշխումը, սակայն դրա համար անհրաժեշտ է որ ճանաչվեն քրդերի քաղաքացիական իրավունքներն ու ազատությունները և դրանք ամրագրվեն Սահմանադրությամբ: Սա անելը շատ ավելի հեշտ է, քան պատերազմ մղելը:
Պատերազմը խլում է երիտասարդների կյանքը, ավերածություններ է սփռում, կործանում է մարդու ապագան: Մինչդեռ խաղաղությունն ամբողջովին սրա հակառակն է: Շատ են խոսում, որ PKK-ն պետք է վայր դնի զենքը, սակայն նախ թող ճանաչեն մեր իրավունքներն ու ազատությունները և սահմանադրորեն ամրագրեն դրանք»:
Ի դեպ, թուրքերենում kürt բառը նշանակում է քուրդ, իսկ kurt բառը՝ գայլ:









































