«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է գրող, արծաթագործ Լևոն Ջավախյանը:
– Պարոն Ջավախյան, ո՞նց եք` ուրախ եք, տխուր եք, շատ տխուր եք:
– Որ հարցնում եք` տխուր եմ, թե շատ տխուր, ուզում եք հասարակական-քաղաքական հարցերի՞ց խոսենք:
– Այո:
– Ժամանակները խիստ քաղաքականացված են, իմ գրականությունն էլ է խիստ քաղաքականացված, որովհետև ինչ տեսնում եմ, էն էլ վերցնում եմ: Բայց ես երազում եմ Թումանյանի նման «Սուտլիկ որսկանի», «Ձախորդ Փանոսի» պես անմեղ գործեր գրեմ: Բայց ժամանակները խառն են շատ:
– Պատերազմն սկսվում է մի տարածքում, որտեղ խիղճը պարտվում է: Դուք խղճի պարտության ու պատերազմի հոտ չե՞ք զգում:
– Լույսը հազար երանգ ունի: Մարդ կա` պատերազմ է սիրում, մեջը կռիվ կա, ուր գնում է` հետը պատերազմ է տանում: Մարդ էլ կա` անմեղսունակ ապրում է: Բայց պետք չի իրավիճակը սրել: Դա ոչ մի լավ բանի չի բերելու:
– Բայց երեխան մինչև չլացի, ցավից չեն հարցնի: Նույն կերպ, եթե Վահեի մահվան փաստից էլ շշմեինք, հետո էլ` աչք փակեինք, այս սպանությունն էլ` կկոծկվեր ու կդառնար հերթականը: Ու ի՞նչ եք կարծում, սթափված ժողովուրդը կկարողանա՞ մաքրել իր երկիրը: Ու լավ է, որ ժողովուրդն ինքնուրո՞ւյն իր հարցերը լուծի, թե՞ մի քաղաքական ուժ առաջնորդի:
– Էդ ճիշտ ես ասում, որ մինչև չլացի, ուշք չեն դարձնի երեխուն: Ու լավ է, որ ժողովուրդը ոտքի է կանգնել: Թող ինքն իր հարցերը լուծի: Եվ թող թշնամական բանակների չբաժանվեն, ոչ մի արդյունքի չեն հասնի: Բայց երկրից թողնել-գնալը ո՞րն է: Բա քո քաղաքը, քո գյուղը, քո հոր ու մոր գերեզմանը ո՞ւմ ես թողնում-գնում: Քո տեղը ո՞վ պիտի սարքի Տունդ: Հա, խուժան կա, գող կա, ավազակ կա: Դրանց թողնենք, մենք մեր երկրից գնա՞նք: Մեր ժողովրդի վրայի սերը պակասել է: Շատ քամեցին, յուղը կտրեցին: Հույն ժողովուրդը ժամանակին ամենամշակութային, ամենաաշխատասեր ժողովուրդն էր: Հիմա գնացեք, տեսեք ինչ է կատարվում Հունաստանում: Ծծկեր էրեխու նման Եվրոպայից փող է քամում, որ ուտի, էն էլ ժողովրդին չի հասնում: Դրանց շեֆերն էլ, մերոնց նման կերել են Եվրոպայի փողերը: Հիմա երկիրը կաթվածահար է: Նույնն էլ մենք ենք: Բայց ձեզ թվում է մենակ ղեկավարնե՞րն են վատը: Ժողովուրդն էլ է մեղավոր: Եթե հասարակարգը լիներ էնպիսին, ինչպիսին ես ու դու կուզեինք, շամպայնի խցանի նման ավազակները դուրս կթռնեին: Բայց քանի դեռ էդ գազը չկա, նրանք մեր գլխին պիտի նստեն:
– Հունաստանի օրինակն եք բերում, պարոն Ջավախյան, բայց մոռանում եք ոչ պակաս հին մի ազգի պատմություն: Տեսա՞ք, թե ոնց եգիպտացիները ինքնագլուխ, առանց առաջնորդի տապալեցին Մուբարաքին:
– Դու էդ աֆրիկյան երկրների հեղափոխությունների մեջ լավ բանե՞ր ես տեսնում: Ինչքան դու լավ բան ես տեսնում, էդքան էլ ես վատ բան եմ տեսնում: Դրանց «ազատության առաջամարտիկն» էլ «Ամերիկայի ձայնն» է: Որտեղ շահ է տեսնում, թաթը դնում է էնտեղ: Հիմա մեր երկրում էլ են շատ խոսում ազատության մասին: Բայց չգիտես ինչու` ազատություն ասելով հասկանում են միայն սեռական փոքրամասնությունների պաշտպանությունը և սեռական հարցերը մանրամասն լուսաբանելը: Ազատությունը շատ ավելի լայնարձակ տարածք է ենթադրում: Էդ ինչո՞ւ ազատության համար պայքարի տարածքը էդքան նեղացրին: Էդ ինչո՞ւ են սեռական փոքրամասնությունների համար երթեր անում, որոշ գրողներ էլ` արանքն ընկած, դոշները բացած ու ծեծելով նրանց իրավունքներն են պաշտպանում: Էդ ո՞ւմ ջեբն են ընկել: Կապիտալի ջե՞բը: Անհասկանալի բաներ են կատարվում: Հիմա ես չգիտեմ, Ամերիկան, որ Հյուսիսային Աֆրիկայի ժողովրդին ոտի հանեց, էդքան մարդ կոտորվեց ու դեռ կոտորվելու են, օգո՞ւտ է տալիս, թե՞ վնաս:
– Ձեր պատմվածքում մանրամասն նկարագրում եք հավատավորին ու անհավատին: Ասում եք` անասունը ներկայով է ապրում, ասունը` ապագայով: Եվ պատմում եք, թե ինչպես էր գյուղի աթեիստ վարժապետը երեխաներին ասում, որ ձեռքերը բարձրացնեն ու փորձի համար ասեն` «Աստված, Աստված, մեզ հաց տուր»: Պարզ է` երկնքից հաց չէր ընկնելու: Բայց հենց երեխաները ուսուցչի հրահանգով ձեռքերը բարձրացնում էին, թե` «Լենին պապիկ, Լենին պապիկ, մեզ հաց տուր», հացի կարոտ երեխաների աչքերը հաց էին տեսնում` «պահարանի հետևից աստվածաշնչյան նկանակների պես բազմացող հացեր»: Հիմա ժողովուրդը ձեռքերն ո՞ւմ պարզի: Թե՞ գնա ճանկռելով հետ վերցնի իր բաժին հացն ու կյանքը:
– Ազատ ու անկախ երկրում մեր հացը մենք պետք է ստեղծենք: Փրկության ճանապարհը ամեն մեկիս մեջ է: Աստված ճանապարհն է տալիս: Աստված հո ձեռիցդ չի բռնելու բրդի, թե` ա’յ տա, գնա էս կողմ, գնա էն կողմ: Փրկվելու ձևերի մասին էլ ես հո չեմ սովորեցնի էսքան ժողովրդին: Ես հազիվ ինձ փրկելու ձևն եմ գտել: Մի ծնկիս ծերին արծաթն եմ ծախում, էն մի ծնկիս ծերին`գիրս եմ անում:
– Նոր Ձեր հայրենակից Թումանյանից էիք խոսում: Թումանյանը համ գիր էր անում, համ ժողովուրդ էր փրկում:
– Թումանյանն, իհարկե, ավելի շատ էր մտածում ժողովրդի մասին, քան ես: Գիտե՞ս ինչի համար: Թումանյանի ժամանակ նորմալ հանրապետություն չկար: ոստիկանություն չկար, պաշտպանության, աշխատանքի և սոցիալական ապահովվածության, ֆինանսների, մշակույթի նախարարություններ չկային, վարչապետարան չկար: Դրանք ինչի՞ համար են: Դրանց գործն է՞լ ես անեմ: Հիմա պրոֆեսիոնալ մտածողներ կան: Թող մտածեն, էլի: Գրողի վրա չի կարելի բարդել պետական խնդիրներ: Խնդիրները լուծելու լծակները իրենց ձեռքին են, թող իրենք էլ լուծեն: Թող քիչ զխկտվեն, քիչ գողանան, քիչ շորթեն: Ես չգիտեմ, թե էս ժողովրդի վերջն ինչ է լինելու: Մի դեպք պատմեմ իմ կյանքից: 1990-ական թվերին մի թերթի խմբագրի տեղակալ էի: Գեշ տարիներ էին: Իմ աշխատածը մի կլոր հաց էր` չորս մասի էինք բաժանում, ուտում: Իմ ընտանիքը խրոնիկ սովի մեջ էր: Ես էլ մի տաղանդավոր երեխա ունեի. հրաշքներ էր գործում 100 մետր վազքի տարածքում: Դարձավ աշխարհի ամենաարագավազ հայը: Տղաս էն ժամանակ նոր-նոր առաջին քայլերն էր անում: Բայց փող չունեինք, որ սպորտային հագուստ գնեինք: Որոշեցինք, որ դիմենք էդ խմբագրին: Դիմեցի, 100 դոլարով օգնեց: Հաջորդ օրը եկա գործի, տեսնեմ արդեն ուրիշ ձև է ինձ հետ խոսում: Խեղճուկրակի ու տիրոջ զրույց էր արդեն: Էդ օրվանից հասկացա, որ երբեք պետք չէ ձեռք մեկնել փողի համար: Ուզում եմ ասել` թող մտքներով չանցնի, թե խեղճանալով հարց են լուծում: Խեղճանալով բան չի փոխվի: Էս փոսից, որը մենակ ղեկավարները չեն փորել, այլ ազգովին ենք արել, պիտի ազգովի էլ դուրս գանք:
– Փոսից դուրս գալու համար ո՞ւմ հետ եք հույս կապում` որևէ քաղաքական կուսակցությա՞ն, արտաքին ուժերի՞, մտավորականությա՞ն, ժողովրդի՞, թե՞ Աստծո հետ:
– Ոնց և ում հետ փորել ենք, էնպես ու նրանց հետ էլ պիտի դուրս գանք: Կարծում եք` միայն իշխանությո՞ւնն է փորել: Ընդդիմությունն էլ է մասնակցել էդ գործին: Ընդդիմությունը, որ խոսում է հայրենասիրությունից, ազնվությունից, նվիրական բաներից, բայց էնտեղ էլ ներկուսակցական ինտրիգներ եմ տեսնում, գործարքներ: Էն, որ մարդը իշխանություններին չի հավատում, սարսափելի է: Բայց առավել քան սարսափելի է, երբ մարդը իր ընդդիմությանը չի հավատում: Դրա համար երկիրը երկիր դարձնելու գործը ազգովի պիտի անենք, բոլորս միասին ու հատկապես` ժողովրդի ակտիվ մասնակցությամբ: Մեր մածունը վերջը մի օր պիտի սեր բռնի՞, թե՞ չէ:









































