Սիրիայի հյուսիսային Իդլիբ մարզի մեծ մասը գտնվում է ապստամբների վերահսկողության տակ: Ինչպես հաղորդում է National Public Radio-ն, մարզում փաստացիորեն բուֆերային գոտի է հաստատվել, որը պաշտպանվում է կառավարական ուժերից:
Ավելի վաղ Թուրքիայի հետ սահմանը և Իդլիբ մարզը վերահսկում էին սիրիական ռազմական ուղղաթիռները, որոնք հարձակում էին գործում կասկածելի թվացող բոլոր օբյեկտների վրա: Սակայն սահամանի վրա Թուրքիայի ՀՀՊ միջոցներ տեղադրելուց հետո այդ ուղղաթիռները հանվեցին, իսկ Իդլիբի վրա փաստացիորեն հաստատվեց ոչ թռիչքային գոտի:
Հաղորդվում է, որ ընդդիմադիրներն անարգել կարող են հատել Թուրքիայի սահմանը և այնտեղից բերել պայքարի համար բոլոր անհրաժեշտ միջոցները:
Ապստամբներն իհարկե առայժմ իրենց ընտանիքները նախընտրում են պահել Թուրքիայի փախստականների ճամբարներում, քանի որ վախենում են կառավարական ուժերի հանկարծակի հարձակումներից:
Ընդդիմադիրների խոսքերով՝ իրավիճակն իրենց համար վերջին շաբաթներին զգալիորեն բարելավվել է: Կայուն ուղիներ են բացվել Սիրիա զենք, զինամթերք ու դեղամիջոցներ ուղարկելու համար: Բացի այդ՝ Սիրիայի ազատ բանակն ավելի կազմակերպված բնույթ է ստացել:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ մեկ այլ «անվտնագության գոտի» հաստատվել է Իդլիբից արելք՝ Հալեպի մարզում:










































