ԼՂՀ նախագահական ընտրությունների մոտենալուն պես ընտրությունների թեմային սկսել են անդրադառնալ նաև արտերկրյա լրատվամիջոցները: Օրերս Արցախում ընթացող ընտրարշավին ծավալուն հրապարակմամբ անդրադարձել է նաև ռուսաստանյան իշխանական վերնախավին մոտ կանգնած «Պրես Պապիե» (www.etpress.ru) վերլուծական ինտերնետ ռեսուրսը: «Ընտրություն կա, բայց ընտրության արդյունքն ակնհայտ է» վերնագրված վերլուծականում ռուսաստանյան լրատվական կայքը գրում է, որ «տեղական դիտորդների մեծամասնության կարծիքով՝ ընտրություններում հաղթողի անվիճելի թեկնածու է հանդիսանում 51 ամյա ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանը»:
Ռուսաստանյան լրատվամիջոցը իր ընթերցողներին տեղեկացնում է, որ Բ. Սահակյանը ղարաբաղյան շարժման և պատերազմի ակտիվ մասնակից է եղել, զբաղեցրել է ղեկավար պաշտոններ ԼՂՀ պաշտպանության բանակում: Այնուհետև զբաղեցրել է ԼՂՀ-ի ներքին գործերի նախարարի պաշտոնը, իսկ մինչ ԼՂՀ նախագահի պաշտոնին 2007թ ընտրվելը եղել է հանրապետության Ազգային անվտանգության ծառայության տնօրեն: Վերլուծական հոդվածում հատուկ շեշտադրվում է, որ Բակո Սահակյանի թեկնածությունը պաշտպանում են արցախյան խորհրդաարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերը` Արցախի ժողովրդավարական կուսակցությունը, Ազատ Արցախը և ՀՅԴ-ն, ինչպես նաև արտախորհրդարական Կոմունիստական կուսակցությունը, ԼՂՀ-ի արհմիությունների դաշնությունը և մի շարք այլ քաղաքական ու հասարակական կազմակերպություններ: Սակայն, ըստ ռուսական լրատվամիջոցի, առավել կարևոր է այն փաստը, որ Բակո Սահակյանն ունի ԼՂՀ-ի բնակչության լայն զանգվածի աջակցություն:
Մեջբերելով սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի հրապարակած տվյալները՝ վերլուծականում նշվում է, որ ԼՂՀ գործող նախագահի վարկանիշը նրա պաշտոնավարման 5 տարիների ընթացքում 5 բալանոց սանդղակով 3.8-ից աճել է մինչև 4.5 բալ: Բացի այդ, նույն տվյալների համաձայն՝ «2007-2012թթ. աճել է նաև այն մարդկանց թիվը (մինչև 86.7 %), ովքեր համարում են, որ այդ ժամանակահատվածում ԼՂՀ նախագահն ավելի շատ ծրագրեր է կյանքի գործել, քան նրանից պահանջվում էր»:
Ռուսաստանյան կայքի կարծիքով ԼՂՀ բնակչության նման վերաբերմունքը պայմանավորված է հիմնականում այն դրական արդյունքներով, որոնք արձանագրվել են վերջին 5 տարվա ընթացքում: «Անցած ժամանակաշրջանում երկրում դրական տեղաշարժեր են արձանագրվել բնակարանաշինության ոլորտում, նոր ձեռնարկություններ, հյուրանոցներ, հիդրոէլկտրոկայաններ են կառուցվել, զգալի ակտիվություն է նկատվում հանքաարդյունաբերության ոլորտում»:Ընդ որում լրատվամիջոցը նշում է, որ ընտրարշավի ընթացքում ընտրողների հետ հանդիպելիս գործող նախագահը հատուկ շեշտում է, որ վերընտրվելու դեպքում շարունակելու է անցած 5 տարվա ընթացքում սկսված ծրագրերի իրագործումը: Ռուսաստանյան վերլուծական կայքի կարծիքով՝ նախագահի մյուս թեկնածուներից առաջիկա ընտրություններում 2-րդ տեղը զբաղեցնելու ամենաիրական հնարավորությունն ունի 52 ամյա գեներալ Վիտալի Բալասյանյանը. ղարաբաղյան պատերազմի ժամանակ նա դաշտային հրամանատար էր, հետո պաշտպանության փոխնախարար, ղարաբաղյան պատերազմի վետերանների միության նախագահ, խորհրդարանում ՀՅԴ խմբակցության անդամ:
Կայքը նաև նկատում է, որ 2007-2010 թթ. Բակո Սահակյանի այսօրվա մրցակիցը վերջինիս խորհրդականն էր հանդիսանում: Այնուհետև վերլուծականում մի հետաքրքիր դիտարկում է արվում. նշվում է, որ որոշ տեղական վերլուծաբանների կարծիքով՝ Վիտալի Բալասանյանը իշխանությունների համար ,որպես հիմնական ընդդիմադիր, բավականին ընդունելի գործիչ է: Լրատվամիջոցը նման պնդման համար մի քանի պատճառ է մեջբերում: Նախ՝ գործող նախագահի համեմատ՝ Վ. Բալասանյանը, մեղմ ասած, այնքան էլ մեծ հեղինակություն չունի բնակչության և առավելևս հիմնական քաղաքական ուժերի մոտ: Ավելին՝ այս ընտրություններում գեներալի թեկնածությունը չի պաշտպանում անգամ Արցախի ՀՅԴ-ն, որի խորհրդարական խմբակցության անդամ է եղել Վ. Բալասանյանը շուրջ 7 տարի:
Հաջորդ պատճառն այն է, որ ոչ բոլորին է հասկանալի, թե որոնք են Վ. Բալասանյանի՝ իշխանական ճամբարից ընդդիմադիր դաշտ այդքան սրընթաց տեղափոխվելու պատճառները: Եվ երրորդ պատճառն այն է, որ դեռևս չճանաչված երկրում այլընտրանքային ընտրությունների անցկացումը և դրանում ընդդիմադիր կեցվածքով հայտնի գեներալի և քաղաքական գործչի մասնակցությունը միանշանակ կհանգեցնի միջազգային ասպարեզում ԼՂՀ-ի ձևավորված ժողովրդավարական իմիջի ամրապնդմանը: Ռուսաստանյան լրատվամիջոցը նաև նկատում է, որ դեռ նախընտրական մրցավազքի մեկնարկին կայացավ նախագահի բոլոր հավակնորդների նախընտրական շտաբերի ղեկավարների հանդիպում, որի ընթացքում համատեղ ուժերով արդար և թափանցիկ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին: «Ինչպես ցույց են տալիս նախընտրական «մենամարտերը» ձեռք բերված պայմանավորվածությունները պահպանվում են բոլոր թեկնածուների նախընտրական շտաբերի կողմից», – ամփոփում է իր վերլուծականը «Պրես Պապիե» ռուսաստանյան ինտերնետ ռեսուրսը:







































