Հայտնի ամերիկյան Guns N’ Roses ռոք խմբի նախկին կիթառահար Սլեշը Հոլիվուդի փառքի ծառուղում աստղի է արժանացել: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
«Ես երկար ժամանակ եղել եմ Հոլիվուդի ֆաբրիկայի մի մասը, և քաղաքի կողմից գնահատված լինելը մեծ պատիվ է»,- ասել է Սլեշը արարողության ժամանակ:
Guns N’ Roses խումբը հիմնադրվել է 1985 թվականի մարտին, երկու խմբերի՝ Hollywood Rose-ի և L.A. Guns-ի մասնակիցների կողմից: Շուտով նրանց է միացել Սլեշը, որը հասցրել էր վոկալիստ Էքսլ Ռոուզի հետ ծանոթանալ Hollywood Rose-ում կարճատև մասնակցության ժամանակ: 1986-ի դեկտեմբերին նրանք սինգլ են թողարկել, իսկ 1987-ի հուլիսին լույս է տեսել դեբյուտային ՝ Appetite For Destruction ալբոմը, որը վաճառվել է 27 միլիոն օրինակով:
Դրանից հետո թողարկվել են խմբի Lies (1988), Use Your Illusion I, Use Your Illusion II (1991) և The Spaghetti Incident (1993) ձայնասկավառակները: 2008-ի նոյեմբերին 14 տարվա աշխատանքից հետո թողարկվել է խմբի երկար սպասված Chinese Democracy ալբոմը: Այդ ժամանակ խմբում չէր մնացել օրիգինալ կազմի ոչ մի անդամ՝ բացի Էքսլ Ռոուզից:
Guns N’ Roses-ը ամենահաջողակ ռոք խմբերից մեկն է, որի ձայնասկավառակների վաճառքի ընդանուր ծավալը կազմում է 100 միլիոն օրինակ:
Սլեշը Guns N’ Roses-ից հեռանալու մասին պաշտոնապես հայտարարել էր 1996 թվականին: Դեռևս 1994-ին նա ձևավորել էր Slash’s Snakepit խումբը:
2002 թվականից Սլեշը կիթառ է նվագում Velvet Revolver խմբում, որտեղ, նրանից բացի, Guns N’ Roses-ի նախկին մասնակիցներից հանդես են գալիս Դաֆ Մակագանը և Մեթ Սորումը:
Այս տարվա մայիսին Սլեշը թողարկել է իր երկրորդ՝ Apocalyptic Love սոլո ալբոմը, որը Billboard երաժշտական հիթ շքերթում զբաղեցրել է 4-րդ տեղը:











































