Новости-Грузия-ի փոխանցմամբ՝ ընդդիմադիր միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած «Վրացական երազանք» քաղաքական կոալիցիան ավարտել է «դռնեդուռ» կամպանիայի «դաշտային աշխատանքները», որոնք վերաբերում են ողջ երկրով մեկ ընտրացուցակների մասշտաբային ստուգմանը:
Այդ կամպանիայի ղեկավար, փաստաբան Զաքարիա Կուցնաշվիլին հայտարարել է, որ կոալիցիայի ակտիվիստները կամպանիայի շրջանակներում իրականացրել են «դաշտային աշխատանքների» 85 տոկոսը.
«Հաջորդ փուլում մշակվելու են մեզ մոտ առկա տվյալները, իսկ վերջնական արդյունքները հրապարակվելու են օգոստոսի 1-ին: Մեզ հաջողվել է ընտրացուցակներում գտնել տարբեր տիպի խախտումներ՝ ցուցակների կրկնություն, մահացած հոգիներ, իշխանության ներկայացուցիչների կողմից ակտիվիստների վրա ճնշման գործադրում ու ձերբակալում»:
Հիշեցնենք, որ «դռնեդուռ» կամպանիան մեկնարկել է հունիսի 24-ին: Դրան մասնակցել է 10,000 ընդդիմադիր ակտիվիստ, որոնք ողջ երկրի տարածքում ստուգել են ընտրացուցակները:







































