Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայիս տարածաշրջանային այցի ավարտից հետո ևս մեկ հանդիպում է պլանավորված Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Այս մասին Բաքվում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը:
Վերջինիս խոսքերով՝ դեռ պլանավորված չէ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպում. «Հնարավոր է՝ ամառային արձակուրդների ավարտին մենք նախ առանձին հանդիպումներ ունենանք Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, ապա պլանավորել ենք կազմակերպել համատեղ հանդիպում: Այդ պատճառով էլ դեռևս խոսք չի գնում նախագահների հանդիպման մասին»:
Պոպովը հավելել է, որ Բաքվում Ադրբեջանի նախագահի ու արտգործնախարարի հետ ունեցած հանդիպումներում իրենք քննարկել են շփման գծի վերջին միջադեպերը՝ ընդգծելով, որ այդ հարցը քննարկելու են նաև Լեռնային Ղարաբաղում ու Հայաստանում:
Հիշեցնենք, որ այսօր ԵԱՀԿ-ն պետք է դիտարկում անցկացնի ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում, որի ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է ոտքով հատեն շփման գիծը:







































