Հայաստանում չրի արտադրությունը բավականին փոքրածավալ է և արտահանման տեսանկյունից անհրաժեշտ ծավալները չի ապահովվում:
Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց, որ ներկայում արտահանումը կատարվում է փոքր ծավալներով, ինչ-որ կոնկրետ հասցեով:
Չրի արտահանումն ավելացնելու համար, ըստ նրա, պետք է նախ ստեղծել համապատասխան չորանոցներ, ենթակառուցվածքներ, որը կբերի ծավալների մեծացման և կարելի կլինի որպես արտահանվող ապրանք դիտարկել հայկական չիրը: Այժմ չիրն առավել շատ օգտագործվում է որպես շոկոլադների միջուկ և ոչ միայն որպես ուղղակիորեն վաճառքի առարկա:
«Մրցունակության տեսակետից միանշանակ հեռանկար ունենք: Ոչ միայն իրանական, այլև ուզբեկական, թուրքական չրերը, մասնավորապես նաև ծիրանի չիրը, անհամեմատ էժան են միջազգային շուկայում, բայց որակի տեսանկյունից մեր չիրը համարվում է ավելի լավը: Մենք պետք է փորձենք «պրեմիում» կարգի մեջ գտնվենք՝ համեմատաբար բարձր որակ և ցածր գին այդ որակյալների մեջ»,- ասաց Ռ.Հարությունյանը:
Լուրջ արտադրություն ստեղծելու և զանգվածային արտահանում ապահովելու համար անհրաժեշտ ներդրումների ծավալը դեռ չի գնահատվել, բայց, ԶՀԳ ղեկավարի կարծիքով, դրանք ահռելի թվեր չեն կազմի և կախված է, թե ինչ տեխնոլոգիա է օգտագործվելու՝ ձեռքի, մեքենայացված, թե այլ:







































