Հայ հեղափոխական դաշնակցությունը հնարավոր է համարում այն տարբերակը, որ սպասվող նախագահական ընտրությունների ժամանակ ընդդիմադիր ուժերը միասնական թեկնածուով հանդես կգան: ՀՅԴ-ն չի բացառում նաև ընդդիմության միասնական թեկնածուին սատարելու տարբերակը:
ՀՅԴ այս մտադրության մասին բարձրաձայնեց Աժ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա նշում է, որ ՀՅԴ-ն իր առջև համակարգային փոփոխություն կատարելու, այն է՝ իշխանափոխության խնդիր է դրել: Իսկ թե ընդդիմադիր որ կուսակցության որ թեկնածուին կհաջողվի իր շուրջը համախմբել դաշտի ուժերին և իրագործել իշխանափոխություն, դեռևս անհայտ է մնում: Անձերի մասին ՀՅԴ գործիչներն առայժմ լռում են: Արմեն Ռուստամյանի խոսքով՝ անձերը կարևոր չեն, կարևոր է, որպեսզի միասնական թեկնածուն իրագործի իշխանափոխության հարցը:
«Անձը երկրորդական նշանակություն ունի, ավելի կարևոր է, որ այդ թեկնածուն հրապարակավ մեջտեղ բերի հետևյալ թեզերը՝ հրաժարվել նախագահական այս համակարգից, որը պատճառ է հանդիսացել քաղաքական, տնտեսական և այլ մոնոպոլիաների ամրապնդմանը, անցնել խորհրդարանական համակարգին, որը թույլ կտա ապակենտրոնացնել իշխանությունը և հակակշռման, զսպման ժամանակակից մեխանիզմներ ներդնել երկրի քաղաքական կյանքի մեջ: Երկրորդ կարևոր հարցն այն է, որ ընդդիմությանը պետք է վերապահել իշխանություններին վերահսկելու և հակակշռելու հստակ լծակներ»,- ասաց Ռուստամյանը:
«Առաջին լրատվականի»-ի այն հարցին, թե ո՞վ պետք է լինի ընդդիմության միասնական թեկնածուն, որպեսզի ՀՅԴ-ն սատարի նրան, ՀՅԴ ԳՄ անդամ Արսեն Համբարձումյանը պատասխանեց. «Մեզ համար անձը կարևոր չէ, անձի խնդիրը չէ, որ պետք է դնեն քաղաքական ուժերը: Ամբողջ խնդիրը հետևյալն է՝ եթե ուզում ենք, որ հաջողվի լուծել մեր առաջ դրված խնդիրները, այդ դեպքում ցանկալի է, որ ընդդիմությունը կարողանա միասնական թեկնածու մեջտեղ բերել»:
ՀՅԴ-ն կարծում է, որ միասնական թեկնածու մեջտեղ բերելու համար որպես առաջին քայլ պետք է միասնական պլատֆորմ ձևավորվի: Ըստ Արսեն Համբարձումյանի՝ այդ պլատֆորմի առաջնահերթ, գուցե նաև միակ կետը պետք է լինի համակարգային իշխանափոխության խնդիրը՝ սահմանադրական փոփոխությունների ճանապարհով:
«Եթե այս ամենի շուրջ հնարավոր լինի ընդհանուր հայտարար ձևավորել, ապա այդ պարագայում կարելի է մտածել միասնական թեկնածուի մասին»,- նշեց նա:
Որպես նախագահի թեկնածուներ պարբերաբար շրջանառվում են ՀԱԿ առանջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի և ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանի անունները:
Հատկապես վերջին ժամանակահատվածում որպես ընդդիմության միասնական թեկնածու՝ շոշափվում է Վարդան Օսկանյանի անունը:
Արդյո՞ք ՀՅԴ-ն պատրաստ է սատարելու Օսկանյանի կամ Տեր-Պետրոսյանի թեկնածությունը: Այս հարցին ի պատասխան Արսեն Համբարձումյանը թեև կրկնեց, որ իրենց համար անձերը կարևոր չեն, սակայն միաժամանակ ասաց.
«Չի բացառվում և նպատակահարամար է, որ որևէ քաղաքական ուժի ներկայացուցիչ չլինի այդ միասնական թեկնածուն»: Իսկ որքանո՞վ է դա հավանական՝ հացին նման պատասխան տվեց. «Փորձելու ենք այդ գործընթացն առաջ տանել»:
Լուսանկարը՝ PanARMENIANPhoto-ի











































