Հուլիսի 4-ին «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ը հրապարակել էր հանրության տեղեկատվություն ստանալու իրավունքը խախտած պաշտոնյաների երկրորդ եռամսյակային «սև ցուցակը»: Այս անգամ սև ցուցակում էին ընդգրկվել ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը և ՀԴԿ-ն. վերջիններս չէին պատասխանել կենտրոնի գրավոր հարցումներին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի իրավաբան Գևորգ Հայրապետյանը՝ խոսելով «Խախտվում է մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը» թեմայի շրջանակներում:
Բանախոսը հիշեցրեց, որ կենտրոնը, որպես կանոն, հրապարակում է ինֆորմացիայի ազատությունը խախտած պաշտոնյաների տարեկան «սև ցուցակ»-ը, որը կազմվում է եռմասյակային ցուցակների հիման վրա: Ըստ իրավաբանի՝ այս տարվա առաջին եռամսյակում կենտրոնի «սև ցուցակում» են ընդգրկվել Վարդենիսի և Վանաձորի քաղաքապետերը:
«Երկրորդ եռամսյակային «սև ցուցակում» ընդգրկվել են ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՀԴԿ-ն: Բոլորը, բացի ՀՀԿ-ից, նախընտրական քարոզարշավի ժամանակ չէին պատասխանել գրավոր հարցմանը` կապված նախընտրական քարոզարշավին իրենց ծախսած գումարների հետ, և թե այդ գումարներից որոնք են հանդիսանում սեփական միջոցներ և որոնք՝ նվիրատվություններ: Այս հարցմանը պատասխանել էր ՀՀԿ-ն, չէին պատասխանել ԲՀԿ-ն, ՀԴԿ-ն և ՀԱԿ-ը:
ՀՀԿ-ն չէր պատասխանել, թե հունիսի 4-ին ՀՀԿ համերգ-հանրահավաքին տեղի ունեցած դժբախտ պատահարից առաջ որքան գումար է ծախսվել փուչիկների ձեռք բերման համար, որտեղից են դրանք ձեռք բերվել և քանի փուչիկ է ձեռք բերվել: Բոլոր հարցումներն ուղարկվել են կրկնակի տարբերակով` երկու անգամ, որոնք պետք է ստանային գրավոր պատասխան»,- մեկնաբանեց Գևորգ Հայրապետյանը՝ շարունակելով, որ մինչև «սև ցուցակում» ընդգրկվելը հստակ չափորոշիչներ գոյություն ունեն:
Տեղեկատվության հարցումը համարվում է մերժված, երբ դա մնում է անպատասխան: Կենտրոնի իրավաբանի խոսքով՝ կենտրոնը չի բավարարվում միանվագ հարցոմ ուղարկելով. մեկ պաշտոնյայի կամ կառույցի հղված հարցումն ուղարկվում է երկու անգամ, ընդ որում` երկրորդ անգամ պատվիրված նամակի տեսքով, որի տեղ հասնելու հավանականությունը շատ ավելի մեծ է: Եթե նամակը տեղ չի հասնում, այն վերադառնում է կենտրոն. սա ևս լրացուցիչ երաշխիք է:
Նշենք, որ Հանրապետական կուսակցության մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը անդրադառնալով «սև ցուցակում» հայտնվելուն` ասել էր, թե կենտրոնից ոչ մի նամակ չի ստացել, որը մնացել է անպատասխան. «Ես ոչ մի հարցում չեմ ստացել: ՀՀԿ-ն միշտ բաց է տեղեկատվություն տրամադրելու հարցում, ես միշտ հասանելի եմ եղել բոլորի և լրագրողների համար»:
ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանն ասել էր, որ ԲՀԿ գրասենյակի ղեկավարը բանավոր է ներկայացրել հարցման պատասխանը, ՀԴԿ նախագահ Ռուբեն Բախշյանը նշել էր, որ ոչ մի նամակ չի ստացել, և տեղեկություն չունի, թե ինչ սև ցուցակում է հայտնվել, իսկ Արման Մուսինյանի հետ կապ հաստատել չի հաջողվել:
«ԲՀԿ, ՀԴԿ հարցումները փոստային ծառայության կնիքով ինձ մոտ են, նրանց ուղարկվել է հարցումը պատվիրված նամակով: Ես չեմ փորձելու պարզել` հասե՞լ է նամակը, թե՞ ոչ: Ես ՀԿ ներկայացնող անձ եմ, ուղարկել եմ նամակը, և ինձ նամակը ետ չի եկել, իսկ նախկինում այդպիսի դեպքեր եղել են: Չի բացառվում, որ խնդիրը լինի տեխնիկական, կենցաղային և այլն, և այլն, բայց ես այդ ենթադրությունները որպես փաստ չեմ կարող ընդունել:
«Սև ցուցակ»-ի կազմը վերջնական չէ. երբ փոխում են իրենց դիրքորոշումը, չեն հայտնվում տարեկան ցուցակում»,- մեկնաբանեց բանախոսը՝ ընդգծելով, որ չեն բավարարվել բանավոր պատասխանով, քանի որ գրավոր հարցմանը պետք է տրվի գրավոր պատասխան: Սա գործընթաց է:
Կենտրոնի իրավաբանը հրապարակեց, թե ինչպես է Հանրապետական կուսակցությունը պատասխանել իրենց հարցմանը` ծախսած գումարների տվյալները տրամադրելու վերաբերյալ, և ինչպես պետք է պատասխանեին չպատասխանած կուսակցությունները. «Տեղեկացրել էին, որ նախընտրական քարոզչության ժամանակ ծախսել են 77 մլն 706 հազար 146 դրամ, որոնցից 15 մլն-ը` իրենց սեփական միջոցներով, մնացածը՝ նվիրատվություն. սա` ապրիլի 27-ի դրությամբ»:
Անդրադառնալով կենտրոնի հարցումներին չպատասխանելու հակաքայլերին՝ նա ասաց, որ միանշանակ է` ոչ բոլոր դեպքերն են դառնում դատավարության առարկա, քանի որ կենտրոնն իրականացնում է ծրագրեր, ունի սահմանափակ թվով ռեսուրսներ, աշխատում են, որ ունենան մարտավարական խնդիր և դրանով լուծեն խնդիրը, օրինակ՝ երբ մերժվել է հարցումը, երբ հարցումներին չեն պատասխանում այնպիսի մարմիններ, որոնք երբևէ չեն հանդիսացել տեղեկություն տնօրինող, դա կարող է վիճարկվել:
«Մենք ՀԱԿ-ին դատի տվել ենք այս հիմքով և մերժվել ենք, քանի որ չէր գրանցվում որպես կազմակերպություն, կար օրենսդրական խնդիր, դաշինքն ուներ իրավունքներ, պարտականություններ, որոշակի գործառույթներ էր իրականացնում, բայց քաղաքացիական դատավարության առումով չէր կարողանում հանդես գալ որպես պատասխանող. այս առումով ձևավորված է դատական պրակտիկա: Այդ պատճառով երկրորդ անգամ դատի չտվեցինք: Հիմա դատի ենք տվել ԲՀԿ-ին և ՀԴԿ-ին»,- ասաց իրավաբան Գևորգ Հայրապետյանը՝ պարզաբանելով, որ ՀՀԿ-ին դատի չեն տալու, քանի որ մեկ հարցմանն արդեն պատշաճ կերպով պատասխանել էր:











































