Հայաստանում ծավալվում են բավականին բուռն զարգացումներ «Հարսնաքարի» միջադեպից հետո, և առայժմ այդ զարգացումներում հատկանշական է այն, որ քաղաքական ուժերը որոշակիորեն հայտնվել են արձագանքողի կամ դիտորդի դերում:
Այսինքն` ակնհայտ է, որ նրանք ներկայումս կամ չգիտեն ինչպես արձագանքել հասարակական այս ակտիվությանը և ընդամենը գնում են դրա հետևից, մինչև որ կմշակեն իրենց անելիքի քիչ թե շատ հայեցակարգային ինչ-որ բան, կամ էլ լիովին գիտակցված, և ըստ էության առաջին անգամ փորձում են չխանգարել քաղաքացիական ակտիվությանը և չկատարել քայլեր, որոնք ավելորդ կուսակցականության տարրեր կներմուծեն շարժման մեջ և կկատարեն խանգարող դեր հանրային ընթացքի համար: Այդ իմաստով, առայժմ կարելի է օրինակելի համարել գրեթե բոլոր քաղաքական ուժերի վարքը, որոնք շարժման, հանրային ակտիվության մեջ ներգրավվել են բացառապես որպես շարքային մասնակիցներ, շարքային քաղաքացիներ: Եղավ իհարկե պահ, երբ մտահոգություններ առաջացան քաղաքացիական ակտիվությունը կուսակցականացնելու մասով, սակայն դրանք բարեբախտաբար փարատվեցին, գոնե առայժմ, և ներկայումս հասարակական ալիքը ծավալվում է, ինչի արդյունավետությունը, իհարկե, հնարավոր կլինի բավարար գնահատել այն դեպքում, երբ խնդիրը իսկապես համակարգային իմաստով հայտնվի օրակարգում և այն հնարավոր չլինի շեղել հավելյալ մանր ինտրիգներով:
Այստեղ, սակայն, կա մի հարց, որին իհարկե վաղ թե ուշ հարկ է լինելու անդրադառնալ, անկախ շարժման մասնակիցների ցանկությունից: Ի վերջո, պարզ է, որ նախաձեռնությունը քաղաքացիական, սակայն խնդիրը քաղաքական է նաև, քանի որ առնչվում է այն համակարգին, որը ներկայումս իշխում է Հայաստանում: Ռուբեն Հայրապետյանի հանդեպ բողոքի ալիքը, մեղմ ասած, ապարդյուն կանցնի, եթե չվերածվի համակարգի հանդեպ հասարակական վերահսկողության տևական մի գործընթացի, որի պարագայում Հայրապետյանին պետք է հաջորդեն նորանոր անուն-ազգանուններ, բայց ոչ թե անձնական, այլ ընդամենը նույն համակարգին, նույն արժեհամակարգին, նույն արատավոր շրջանին պատկանելության տեսանկյունից: Ահա այդ առումով առաջանալու է շարժման հետագա ֆորմատի խնդիրը:
Տարբերակները մի քանիսն են. նպատակները պատվիրակվում են որևէ քաղաքական մարմնի կամ կուսակցության, իսկ հասարակությունն էլ վերահսկում է այդ նպատակների սպասարկման արդյունավետությունն ու ըստ այդմ որոշումներ կայացնում հետագա ընթացքի վերաբերյալ. քաղաքացիական շարժումը ինքն է իր միջից ձևավորում որևէ քաղաքական օրգան, որը այսպես ասած` վերկուսակցական կամ ապակուսակցական մակարդակով կառավարում է շարժման ընթացքն ու կայացնում քաղաքական որոշումներ, ընդ որում` դրան կարող են մասնակից լինել նաև կուսակցական անձինք, բայց անհատական մակարդակով. քաղաքացիական շարժումը շարունակում է իր պահանջատիրական պայքարն իշխող համակարգի դեմ, սակայն այդ ընթացքում չի փորձում որևէ քաղաքական ուժի հետ ուղղակի կապի մեջ մտնել, այլ ընդամենը հռչակում է իր նպատակները, իսկ քաղաքական ուժերը մրցակցում են այդ ազդեցիկ շարժման նպատակները սպասարկելու իրավունքի համար:
Հնարավոր են գուցե էլի տարբերակներ, բայց կարծես թե այդ երեքն են, որ կարող են կազմել ընդհանուր գործունեության շարունակության հավանական վեկտորների հիմնական սպեկտրը: Դրանցից որը կարող է լինել արդյունավետ: Սա իսկապես կարևոր խնդիր է, որի մասին պետք է մտածել, որի հանգուցալուծմանը պետք է պատրաստ լինել, շարժման ալիքը չջլատելու համար: Հենց սկզբից, թերևս, անհրաժեշտ է ֆիքսել, որ միասնականություն ասվածը չի կարող լինել ինքնանպատակ, հատկապես ֆիզիկական ինքնանպատակ, երբ ամեն ինչ պետք է կենտրոնացվի մեկ շարժման մեջ կամ մեկ ֆորմատում: Եթե կլինի այդպես, կլինի հիանալի, բայց միայն այն պայմանով, որ այդ ամենը տեղի կունենա կոնսենսուսի միջոցով, բնականորեն, բոլոր մասնակիցների քննարկումների և փոխհամաձայնության արդյունքում: Դա ինչ-որ առումով իդեալական տարբերակ է, ինչը թերևս քիչ հավանական է օբյեկտիվորեն: Եվ հետևաբար, երևի թե չարժե շատ ջանք, եռանդ ու ժամանակ վատնել դրան գալու համար: Դրան կարելի է գալ, այսպես ասած, կողքից, ըստ հնարավորության և ազատ ժամանակի: Առավել ևս, որ շարժման բազմաֆորմատությունը, մի քանի նախաձեռնությունների առկայությունը ամենևին էլ ողբերգություն կամ մասնատվածություն չէ, ինչպես կարող են ներկայացնել որոշ շրջանակներ:
Հետևաբար, տարբեր նախաձեռնությունները, համակարգող խորհուրդներն ու շարժումները պետք է մեկընդմիշտ արձանագրեն, որ իրենք ոչ թե մրցակցում են միմյանց, այլ լրացնում են միմյանց` կամա, թե ակամա: Դրա համար անհրաժեշտ է, որ յուրաքանչյուրն անի, շարունակի իր գործը, հետապնդի իր արժեքային թիրախները, ու թերևս այդ տարբեր նախաձեռնություններն իրենք իրենց համար էլ անակնկալ կերպով կարձանագրեն, որ սպասարկում են ընդհանուր միասնական շահ, և այդ շահն առաջ է գնում ակամայից միասնական ջանքով: Իսկ եթե որևէ նախաձեռնություն կամ շարժում, այդուհանդերձ, ինտրիգային խաղի մեջ է և հետապնդում է ընդամենը անձնական կամ խմբակային քաղաքական կամ թեկուզ ֆինանսական նպատակ, ապա այդ ամենը շատ ավելի շուտ կբացահայտվի հենց այն դեպքում, երբ ինտրիգները բացահայտելու ավելորդ ջանքերի փոխարեն, այսպես ասած, իրական ու ազնիվ նախաձեռնությունները հանգիստ և հետևողականորեն հենց իրենց աշխատանքը շարունակեն:
Քաղաքական ֆորմատի առումով, ըստ երևույթին խիստ աննպատակահարմար է այն տարբերակը, երբ շարժումն ամբողջությամբ, կամ դրա տարբեր միավորները, բջիջները, իրենց նպատակների քաղաքական սպասարկման համար կփորձեն ընտրել որևէ կուսակցություն: Դա կլինի թերևս ամենամեծ սխալը, որ կգործեն քաղաքացիները: Այդ ընտրությունը թող կատարվի հերթական կամ արտահերթ ընտրությանը, իսկ դրանից դուրս քաղաքացիները թող շարունակեն իրենց պայքարն ու խնդիրների ձևակերպումը, իսկ կուսակցությունները իրենք թող փորձեն մրցակցել այդ նպատակների քաղաքական սապասարկման արդյունավետության ուղղությամբ: Այստեղ, իհարկե, կա մի էական հանգամանք, որ կարող են արձանագրել շատերը:
Խոսքն այն մասին է, որ ներկայիս քաղաքացիական ալիքի ներկայացուցիչների զգալի մասը այս կամ այն կուսակցության համակիր է կամ նույնիսկ անդամ: Այսինքն` այս կամ այն կերպ կուսակցությունները կարող են ազդեցություն ունենալ քաղաքացիական շարժման վրա: Անշուշտ, այդ խնդիրը կա, սակայն ամեն ինչ կախված է նրանից, թե որքանով են հստակ ձևակերպված շարժման խնդիրները: Երբ դրանք իսկապես հստակ ձևակերպված են, ապա քաղաքացիական շարժման ակտիվիստների կուսակցականությունը չի կարող լինել խանգարիչ էական հանգամանք և ընդամենը ծառայելու է հենց քաղաքացիական ալիքին: Հետևաբար, քաղաքական ֆորմատի առավել արդյունավետ տարբերակը կլինի այն, որ գերկենտրոնացում լինի ոչ թե ֆորմատի, այլ խնդիրների վրա: Այսինքն` շեղում չլինի խնդիրներից: Այդ դեպքում ֆորմատները «ձախորդ օրվա» նման կգան ու կգնան: Այսինքն` քաղաքական ֆորմատներն այլևս չեն լինի ավելորդ գլխացավ, քանի որ խնդիրների հստակության պայմաններում շարժման մասնակիցները դրանց կգան ինքնաբերաբար և այդ «անցուդարձը» արդեն միմիայն դրական ազդեցություն կունենա գործընթացի վրա:








































