Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ հաստատել է դեռևս հունիսի 12-ին խորհրդարանի կողմից «Կոմերցիոն գաղտնիքի մասին» օրենքում կատարված փոփոխությունները:
Ըստ այդ ուղղումների՝ այսուհետ կոմերցիոն գաղտնիքի տակ են ընկնում կոմերցիոն իրավաբանական անձանց հիմնադիրների (մասնակիցների) և կանոնադրական կապիտալում նրանց մասնաբաժնի մասին տեղեկությունները:
Այս ուղղումը հարուցել էր տեղի ու միջազգային փորձագետների քննադատությունը, որոնք կարծում են, որ հասարակությունից ընկերությունների սեփականատերերի մասին տեղեկությունների քողարկումը նվազեցնում է թափանցիկությունը և պայմաններ է ստեղծում կոռուպցիայի համար:
Սրանից առաջ էլ Ալիևը հաստատել էր «Տեղեկատվության ստացման մասին» օրենքի ուղղումները, որոնցով սահմանափակվում էր տեղեկատվության ստացումը, ինչը վերաբերում էր նաև տնտեսական ու ֆինանսական բնույթի տեղեկատվությանը:
Այս երկու ուղղումները մշակվեցին այն բանից հետո, ինչ լրագրողական հետաքննությունը պարզեց, որ իշխանական ընտրանուն պատկանող մի շարք ընկերություններ արտոնյալ դիրք են զբաղեցնում երկրի տնտեսության մեջ:








































