Այսօր կրկին տարածաշրջան են ժամանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք այս անգամ այցը սկսում են Ադրբեջանից, հետո շփման գիծը հատելով անցնելու են Լեռնային Ղարաբաղ և մեկնելու են Ստեփանակերտ, իսկ այնտեղից էլ կգան Երևան: Հայաստանի խորհրդարանական ընտրություններից հետո սա համանախագահների երկրորդ այցն է տարածաշրջան, իսկ նկատի ունենալով նաև ԱՄՆ պետքարտուղար Հիլըրի Քլինթընի տարածաշրջանային այցն ու Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների փարիզյան հանդիպումը հունիսի 18-ին, ինչպես նաև Լոս Կաբոսում «Մեծ քսանյակի» գագաթնաժողովում ՄԽ համանախագահող երկրների նախագահների հայտարարությունը, կարող ենք արձանագրել, որ վերջին երկու ամիսներին ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը բավական ակտիվացել է: Հետաքրքրական է նաև, որ օրերս ԵՄ-ն էլ ՀՀ-ին կոչ արեց ակտիվացնել ջանքերը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում: Դա արեց ԵՄ արտաքին հարաբերության և անվտանգության հարցերի հանձնակատար Քեթրին Էշթընըª Սերժ Սարգսյանի Բրյուսել կատարած աշխատանքային այցի ժամանակ:
Իհարկե, բարեբախտաբար, ներկայումս նվազել է այդ գործընթացի, այսպես ասած, ռազմական կողմը, երբ Ադրբեջանն աննախադեպ ծավալի դիվերսիաներ իրականացրեց Հայաստանի հյուսիսային սահմանի ուղղությամբ` խլելով մարդկային կյանքեր, իհարկե նաև ստանալով հայկական կողմի արժանի պատասխանը: Եվ միգուցե բանակցային անցուդարձի աշխուժացումը իրականում պայմանավորված է հենց ռազմական այդ բախումներով, որոնք անհանգստություն առաջացրին միջնորդների մոտ և ստիպեցին ակտիվացնել բանակցությունն ու այդպիսով զսպել ռազմական գործողությունները:
Ի դեպ, հետաքրքրական է, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլըրի Քլինթընը Փարիզի հանդիպումից առաջ հայտարարեց, որ կողմերին ներկայացվելու են նոր առաջարկներ: Դրանից հետո, սակայն, որևէ տեղեկություն չեղավ դրանց վերաբերյալ: Ըստ երևույթին, այդ ամենը պահվել է գաղտնիության քողի տակ, և համանախագահները ներկայումս տարածաշրջան են այցելում կողմերից պատասխան ստանալու համար, և ըստ այդ պատասխանի էլ կորոշվի հրապարակայնացնելու հարցը, թե ինչ նոր առաջարկի մասին է խոսքը:
Ամենայն հավանականությամբ, եթե կողմերը դրական պատասխան տան առաջարկներին, դրանք կմնան գաղտնի, որպեսզի հնարավոր լինի առնվազն մի որոշ ժամանակ շարունակել բանակցությունը այդ նոր հիմքերի վրա և այդպիսով առնվազն հնարավորություն ունենալ գործընթացի իմիտացիան շարունակելու:
Եթե նոր առաջարկների մասին լինեն առարկայական արտահոսքեր, ապա ամենայն հավանականությամբ կողմերից մեկն ու մեկը մերժել է դրանք, և ըստ էության այլևս չլինելով գործածության համար պիտանի որպես բանակցային առնվազն իմիտացիայի նյութ` այդ առաջարկները կհրապարակայնացվեն հասարակական և փորձագիտական արձագանքի նյութ լինելու և գոնե այդպիսով գործընթացի շուրջ որոշակի աուրա ձևավորելու համար, ինչը հնարավորություն կտա գոնե այդ տեսանկյունից պահել բանակցային արտաքին շղարշը, մինչ կգտնվի գործընթացը շարունակելու ներքին որևէ թել:










































